9 ապրիլի 2025 - 16:54 AMT
Մելիքբեկյան․ Կա մի զանգված, որն ուզում է հավաքականի պարտությունները, որ քննադատեն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն ասուլիսում անդրադարձել է իր գլխավորած կառույցին ուղղված քննադատություններին՝ հայտարարելով, որ ՀՖՖ-ի դեմ համակարգված արշավ է ընթանում և որ կա մի զանգված, որն ուզում է հավաքականի պարտությունները, որ քննադատության առիթ լինի։

«ՀՖՖ դեմ հստակ ծրագրված արշավ է ընթանում, շատ դեպքերում մեղադրանքներն ու ասեկոսները կապ չունեն իրականության հետ»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Մելիքբեկյանը միևնույն ժամանակ ընդգծել է, որ դա չի նշանակում՝ իրենց աշխատանքն իդեալական է, չկա քննադատություն։

«Կա քննադատության բավական չափով։ Կառուցողական քննադատություն էլ կա»,–ասել է նա։

Նախագահն անդրադարձել է նաև Վրաստանի ազգային հավաքականից կրած վերջին երկու պարտություններին։

«Հասկանում ենք, որ դրանք ծանր պարտություններ են խոշոր հաշվով՝ հաշվի առնելով, որ վերջին երկու տարում մենք ոչ մի խոշոր հաշվով պարտություն չենք ունեցել։

Ֆեդերացիայի ամբողջ անձնակազմը, ֆուտբոլիստները, ծանր ենք տանում այս պարտությունները, շատ ավելի ծանր, քան շատերը, ովքեր դրանց մասին անընդհատ գրում են։ Իրականում կա մի զանգված, որը շատ ուզում է այդ պարտությունները տեսնել, որպեսզի քննադատության հերթական առիթը հանդիսանա։

Մենք հանդիպել ենք, քննարկել ենք խնդիրները։ Նորանշանակ մարզչին ժամանակ է պետք, բայց նա արդեն որոշ լուծումներ է առաջարկել, տվել գալիք անելիքների ծրագրերը»,–ասել է նա։

ՀՖՖ նախագահի խոսքով` ՀՖՖ-ն փորձում է հետևություններ անել այդ պարտություններից և հասկանալ՝ որոնք են այդ պարտությունների պատճառները:

«Բոլորը մեղավոր են այս պարտությունների համար`ամբողջ թիմը, մարզիչները, ՀՖՖ-ն»,-ասել է նա, հայտնում է Արմենպրեսը։

Մելիքբեկյանը նաև հայտարարել է, որ հրաժարական չի տալու։

«Ես ասել եմ՝ հրաժարական չեմ տալու։ Ամոթալի պարտություններ և այլն... նորից եմ ասում՝ ով ցանկանում է տեսնել ու լսել՝ տեսնում է, ով չի ցանկանում՝ չի տեսնում», – ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Վերջին շրջանում Հայաստանի ազգային հավաքականի խիստ քննադատության արժանացած ելույթներից հետո երկրպագուների ֆան-ակումբները կազմակերպել են տարբեր բողոքի ակցիաներ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով։

Ազգերի լիգայի անցումային փուլում Հայաստանի ազգային հավաքականը երկու խաղում միասին 9:1 հաշվով պարտություն է կրել Վրաստանի հավաքականից։