9 ապրիլի 2025 - 18:10 AMT
Ղազարյանը՝ ՏԿԵ փոխնախարարին. Ճանապարհներ եք կառուցում Ադրբեջանին հանձնելո՞ւ, թե մեր համար

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացված «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը ՀՀ-ում» խորագրով լսումների ընթացքում դիմել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության փոխնախարար Քրիստինե Ղալեչյանին՝ վիճակագրություն պահանջելով, թե գործող իշխանության կառավարման շրջանում «2020 թվականից հետո քանի կիլոմետր ինչ նշանակության ճանապարհներ են հանձնվել թշնամուն»։

Ղազարյանը նաև հիշեցրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի օգոստոսից պարբերաբար հայտարարում է, որ համաձայն Ադրբեջանի Հանրապետության գործող սահմանադրության Հայաստանի ներկա տարածքի 60-70%-ն ունի ադրբեջանական պատկանելություն, հայտնում է Panorama.am-ը։

Ղազարյանը նաև հարցրել է, թե ՏԿԵՆ-ն ճանապարհաշինական ծրագրեր իրականացնելիս այդ հայտարարությունները հաշվի առնում է։

«Այսինքն՝ դուք ճանապարհներ կառուցում եք Ադրբեջանին հանձնելո՞ւ, թե մեր քաղաքացիներին ծառայություններ մատուցելու համար»,-հարցրել է Ղազարյանը:

Ղալեչյանը նշել է, որ նախարարությունը ծրագրերն իրականացնում է կառավարության կողմից հաստատված ճանապարհների անվանացանկով:

«Մենք ծրագրերն իրականացնում ենք ճանապարհների անվանացանկով՝ կառավարության որոշմամբ է սահմանված և այդ անվանացանկում ներառված ճանապարհներն են հանդիսանում ճանապարհային ցանցի մաս. ուրիշ մեկնաբանություն ես չունեմ»,–ասել է նա։

Էդգար Ղազարյանը ճշտել է՝ արդյո՞ք այդ ցանկում ներառված է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհը, և հնարավո՞ր է, որ փոխնախարարը լսումներից հետո անվտանգ երթևեկի Գորիս-Կապան հատվածով։

Ի պատասխան՝ Ղալեչյանն նշել է, որ ինքը կօգտվի Տաթևով դեպի Ագարակ տանող ճանապարհից։

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ևս արձագանքել է թեմային՝ նշելով. «Ճանապարհների ցանկի մեջ նշված չեն պաշտպանական և անվտանգային բնույթի այն հսկայական կատարված աշխատանքները, որոնք վերաբերվում են միջդիրքային ճանապարհներին, որոնք իրենց որակով չեն զիջում նաև միջպետական մեր մայրուղիներին: Դրանք հարյուրավոր կիլոմետրեր են»,–ասել է նա։

Նա վստահեցրել է, որ անվտանգության նպատակներով կառուցված ճանապարհներն ապագայում ևս ծառայելու են այդ նպատակներին։

«Բայց այսօր նրանք բացառապես անվտանգության կարիքների նպաստող կառույցներ են, իսկ որ դրանք կառուցվում են նաև մեր երկրի պաշտպանությունը, անվտանգությունն ավելի ամրապնդելու համար, դա էլ է փաստ»,- ընդգծել է Քոչարյանը։