Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել է Հայաստանի հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացրել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Նա նշել է, որ գույքահարկի աճը զգալի ծանրաբեռնվածություն է առաջացրել խոցելի խմբերի համար, և առաջարկել է մինչև 2026 թվականը սառեցնել դրա փուլային բարձրացումը, հայտնում է Aravot.am-ը։
«Առաջարկում ենք՝ փուլային տարբերակով մինչեւ 2026թ տարեկան մոտավորապես 30-35 տոկոսով գույքահարկի աճը գոնե կասեցվի 2025թ, 2026թ ևս 30-35 տոկոսով աճը տեղի չունենա՝ նկատի ունենալով, որ գույքահարկը առանց այն էլ բարձրացել է։ Այս ընթացքում հատկապես խոցելի խմբերի՝ միայնակ տարեցների, թոշակառուների և տարբեր սոցիալական այլ խմբերի համար գույքահարկի բեռը դարձել է անտանելի: Կարծում ենք՝ մեր առաջարկը առնվազն գոնե այս փուլում օբյեկտիվ է և անհրաժեշտ՝ մինչև համակարգի ամբողջական վերանայումը»,–ասել է նա։
Նրա խոսքով՝ բազմաթիվ քաղաքացիներ արդեն իսկ զգացել են այդ փոփոխության ազդեցությունը։
«Խոսքը վերաբերվում է գույքահարկի այն կարգավորումներին, որոնք 2021 թվականից փուլային ուժի մեջ են մտել: Այդ օրենքի փոփոխությամբ օրվա իշխանություններն առաջարկեցին գույքահարկի նոր հարկման մեխանիզմ, ըստ որի կադաստրային արժեքը որպես գույքահարկի բազա՝ փոխվեց շուկայականի մոտարկված արժեքով, նաև ամբողջությամբ վերանայվեցին հարկման դրույքաչափերը: Ասում էին, որ պրոգրեսիվ գույքահարկով փորձում են լուծել այն փոփոխության հետևանքը, որը վերաբերում էր եկամտային հարկի պրոգրեսիվ դրույքաչափերի համահարթեցմանը: Ասում էին՝ հիմնական նպատակը այսպես կոչված պերճանքի հարկումն է կամ թանկարժեք գույքերից ավելի մեծ գույքահարկի՝ պետական բյուջե կամ համայնքային բյուջե տանելու խնդիրը լուծելը»,–ասել է նա։
Պատգամավորը նշել է, որ կատարված փոփոխությունը փաստացի բարձրացրել է հիմնականում ոչ թե շքեղ անշարժ գույքի, այլ միջին և ցածր արժողությամբ սեփականությունների գույքահարկը։
«Ուզում եմ մի արձանագրում էլ անել՝ նկատի ունենալով կառավարությունում այս նախագծի քննարկումը և ապատեղեկատվության տարածումը, իբր թե նախագծով պաշտպանվում է թանկարժեք գույք ունեցողների գույքահարկի բարձրացումը: Դա բացառապես այդպես չի: Կրկնում եմ՝ սա ապատեղեկատվություն է, որովհետև նախագծով կոնկրետ նշված է, որ 200 մլն դրամից ավել հարկման բազա ունեցող անշարժ գույքի հարկը կշարունակի աճել 35 տոկոսով, ինչպես նախատեսված է 2026թ»,–ասել է նա։