Քասախ գյուղի բնակիչները փակել են Աշտարակ-Երևան ավտոճանապարհը՝ պահանջելով լուծել համայնքի տրանսպորտի խնդիրը։
Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ երկու տարի գործել է 59 համարի ավտոբուսը, սակայն այժմ որոշվել է դադարեցնել դրա աշխատանքը։ Փոխարենը, համայնքի բնակիչների խոսքով, փոխադրումները կրկին իրականացվելու են միկրոավտոբուսներով և ավելի թանկ ուղեվարձով, հայտնում է Sputnik Արմենիան։
Ակցիայի մասնակիցներից մեկն էլ նշել է, որ բարեփոխումները պետք է լինեն առաջադիմական, իսկ իրենց դեպքում հետընթաց է արվում՝ ավտոբուսից և՛ «Գազելին» վերադարձ, և՛ ուղեվարձի թանկացում։
«Մեր ճանապարհածախսը միշտ էլ 100 դրամ է եղել։ Ավտոբուսներով 150 դրամին համաձայն չէինք, հիմա «Գազելներով» կոխում են պրեսի մեջ, մյուսի շունչը քաշես, ու դարձնում են 200 դրամ»,- ասել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։
Զգուշացնում են իշխանություններին՝ պայքարից չեն նահանջելու, քանի դեռ իրենց հարցին լուծում չի տրվել։ Անհրաժեշտության դեպքում նաև ավելի կոշտ միջոցների կդիմեն, այդ թվում` նստացույցեր կանցկացնեն ճանապարհին։
Ապրիլի 9-ին, Քասախ և Պռոշյան գյուղերի բնակիչները հանդիպել էին կառավարության ներկայացուցիչների հետ։
Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի տրանսպորտի խնդիրը որոշակիորեն լուծում է ստացել, մինչ Քասախ համայնքի հարցը մնում է չկարգավորված։ Այդ մասին հայտնել է Պռոշյանի բնակիչ Սերգո Մուրադյանը՝ ներկայացնելով կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքները, գրում է Factor.am-ը։
«25 համարի երթուղու հարցը մասամբ լուծվեց, երթուղին պետք է շրջադարձ կատարի ՊՆ շենքի մոտից։ Սակայն մենք խնդրել ենք, որ ավտոբուսը շրջադարձ կատարի Պռոշյանի մուտքի մոտ՝ նախատեսված վայրից մոտ 300 մետր վերև, քանի որ երեխաների և ծերերի համար դժվար է այդ 300 մետրը տեղափոխվելը։ Կառավարությունում խոստացան քննարկել և լուծել։ Եթե այդ հարցը վերանայեն, կնշանակի, որ մեր խնդիրը ամբողջությամբ լուծվեց»,- մանրամասնել է նա։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Քասախ համայնքի բնակիչների պահանջը մերժվել է։ Քասախին սպասարկող 59 համարի երթուղին դադարեցվում է, ինչը դժգոհություն է առաջացրել տեղացիների շրջանում։
Մուրադյանը նաև նշել է, որ երկու համայնքներում գործելու են «Մուլտի տրանսպորտ» ընկերության միկրոավտոբուսները։ Նրանց ծառայություններից օգտվելիս ուղևորավճարը կկազմի 200 դրամ։
Ապրիլի 8–ին Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները փակել էին Երևան-Աշտարակ ավտոճանապարհը՝ մոտ երկու ժամ։ Ճանապարհը բացվել էր այն պայմանով, որ հաջորդ օրը նրանց կընդունեն կառավարության շենքում։ Նման ակցիա տեղի էր ունեցել նաև մարտի 5-ին, երբ երկու համայնքների բնակիչները կրկին փակել էին նշված ճանապարհահատվածը՝ տևական ժամանակով։