10 ապրիլի 2025 - 13:07 AMT
ՀՀ–ն Օմանում դեսպանություն կբացի

Հայաստանը որոշում է կայացրել դեսպանատուն բացել Օմանի Սուլթանությունում նստավայրը Մասկատ քաղաքում։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կառավարությանն է ներկայացրել համապատասխան նախագիծը:

Դեսպանության բացման նպատակով 2025–ին կհատկացվի մոտավորապես 345,000 դոլարին համարժեք 133 միլիոն դրամ։

«Հայաստանի և Օմանի միջև առկա է համագործակցության մեծ ներուժ՝ առևտրի, բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում։ Օմանի Սուլթանությունը, վարելով հավասարակշռված արտաքին քաղաքականություն, տարածաշրջանում հանդես է գալիս որպես չեզոք կողմ՝ նպաստելով երկխոսության զարգացմանը»,–ասվում է հիմնավորման մեջ։

Նշվում է, որ օմանական կողմը դրական է արձագանքել Մասկատում ՀՀ դեսպանություն բացելու առաջարկին՝ շեշտելով փոխադարձության սկզբունքի կիրառման կարևորությունը։

Ծախսերն ապահովվելու են ԱԳ նախարարության ծրագրային բյուջեից և պետական պահուստային միջոցներից։