10 ապրիլի 2025 - 14:18 AMT
Փաշինյան. Պատկերացնո՞ւմ եք՝ մարդ 30 տարի «Փարոսի» շահառու է՝ սրանով աղքատությունը մտցնում ենք արյան մեջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասել է, որ պետք է աջակցենք աշխատողին, իսկ չաշխատողին քաջալերենք, որ աշխատի։

«Սա է պրոբլեմը։ Լավ, մի օր հաց տվինք, երկու օր... տասն օր, այդ ո՞ւմ փողով ենք հացը տալիս։ Այդ գումարը, որ պետական բյուջեն վաստակում է, ձևավորվում է աշխատողի հաշվին, հետևաբար, պետք է աջակցենք աշխատողին, իսկ չաշխատողին քաջալերենք, որ աշխատի»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Ըստ Փաշինյանի՝ աշխատել հնարավոր է միայն կրթության միջոցով։

Փաշինյանը նշել է, որ իրեն հետաքրքրել է՝ արդյո՞ք Հայաստանում կան ընտանիքներ, որոնք արդեն շուրջ երեք տասնամյակ է, ինչ հաշվառված են որպես անապահովներ։

«Համոզված եմ, որ ունենք, սոցապնախարարին խնդրել եմ նայել, թե քանի մարդ ու ընտանիք կա։ Պատկերացնո՞ւմ եք՝ մարդ 30 տարի փարոսի շահառու է, սա կատարյալ անհարգալից վերաբերմունք է այդ մարդու նկատմամբ։ Մենք դրանով իրենց սերնդեսերունդ դարձնում ենք աղքատ, աղքատությունը մտցնում ենք արյան մեջ»,- հայտարարել է վարչապետը։