10 ապրիլի 2025 - 14:47 AMT
Ալիև․ Թուրքիայի և ՀՀ–ի, Ադրբեջանի և ՀՀ–ի հարաբերությունները Եվրոպայի գործը չեն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է, որ զարմացած է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այն մեկնաբանություններից, որոնք նա արել է Ուզբեկստանում՝ Կենտրոնական Ասիայի և Եվրահանձնաժողովի ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում։ Նա խոսել է Ադրբեջանի և Հայաստանի, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանների բացման հնարավորության մասին՝ ի նպաստ Միջին միջանցքի, որը Եվրոպայում հայտնի է որպես «Գլոբալ դարպասներ»։

Ալիևը «Դեպի նոր աշխարհակարգ» թեմայով միջազգային համաժողովում տարօրինակ է անվանել Ֆոն դեր Լյայենի հայտարարությունը, գրում է Haqqin.az-ը։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ երեք տասնամյակ փակ մնալուց հետո Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը կդառնա բեկումնային։

«Իհարկե, դա շատ տարօրինակ էր, որովհետև այդ միջանցքն արդեն գոյություն ունի, և Հայաստանը դրանում որևէ դեր չունի։ Մենք կարող ենք հասկանալ եվրոպացի բյուրոկրատների զգացմունքները Հայաստանի հանդեպ, բայց դուք չեք կարող անտեսել քարտեզը։ Եվ հենց մենք՝ Վրաստանն ու Ադրբեջանը, ենք ստեղծել ամբողջ այդ ենթակառուցվածքը, որն այսօր հնարավորություն է տալիս Եվրոպային համագործակցել Կենտրոնական Ասիայի հետ․․․Այս ամենն անտեսվում է։ Իսկ որքան միջոցներ են ներդրվել։ Այս ամենը անտեսվում է։

Մենք միայն լսում ենք կոչեր՝ բացել սահմանը Թուրքիայի և Հայաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ինչ կապ ունի Եվրոպան այս ամենի հետ։ Թուրքիայի և Հայաստանի, Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները նրանց գործը չեն։ Որքան հեռու լինի Եվրոպական միությունը այս հարցերից, այնքան ավելի լավ բոլորի համար»,–ասել է Ալիևը։

«Բայց ենթակառուցվածքների շղթան ամբողջական չէ։ Սև ծով հասնելու համար կարևոր է նաև Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների սահմանների հարթ անցումը: Երեք տասնամյակ փակ մնալուց հետո Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը խաղը փոխելու է։ Եվ դա Եվրոպան ու Կենտրոնական Ասիան ավելի կմոտեցնի իրար առավել քան երբևէ»,- նշել է ֆոն դեր Լայենը: