Օտարերկրյա ֆիլմարտադրողները, նաև հայաստանյան ֆիլմարտադրողների հետ համատեղ արտադրությամբ ֆիլմ նկարահանելու պարագայում ՀՀ ֆիլմ նկարահանելու նպատակով ներդրված գումարների մինչև 35 տոկոսը հետ ստանալու հնարավորություն կունենան: Որոշման նախագիծը հաստատվել է կառավարության նիստում։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի պարզաբանմամբ՝ նախաձեռնությունը նպատակ ունի բարելավել ներդրումային միջավայրը կինոարտադրության ոլորտում, ակտիվացնել համատեղ արտադրությունը, խթանել տնտեսական ակտիվությունը և ստեղծել հավելյալ եկամուտների աղբյուրներ, հայտնում է Արմենպրեսը։
Կառավարությունը արձանագրել է, որ կինոարտադրության ոլորտում նկատվում է աճող հետաքրքրություն, ինչպես նաև գոյություն ունեն նախնական պայմանավորվածություններ տարբեր միջազգային հարթակների հետ՝ համատեղ նախագծեր իրականացնելու և ֆիլմեր նկարահանելու վերաբերյալ։
«Միջազգային փորձն ուսումնասիրելով՝ տեսնում ենք, որ այս արտադրությունը խթանելու համար կարևոր գործիք է ներդրումների մասնակի վերադարձի հնարավորությունը, որն ընդունված ձևաչափ է բազմաթիվ երկրներում։ Առաջարկում ենք, որ այս նախագծով օտարերկրյա ֆիլմարտադրողները, այդ թվում նաև հայաստանյան ֆիլմարտադրողների հետ համատեղ արտադրությամբ ֆիլմ նկարահանելու պարագայում ՀՀ տարածքում ֆիլմարտադրության նպատակով ներդրված դրամական ծախսերի շրջանակում կարող են հայտ ներկայացնել և որոշմամբ սահմանված պայմաններով ու ձևաչափով հետ ստանալ ներդրումների մի մասը։ Անհրաժեշտ է, որ ներդրումների մասնակի վերադարձի համար ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքները, ծառայություններն ու աշխատանքները ձեռք բերված ՀՀ ռեզիդենտ, հարկեր վճարող կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից»,–ասել է նախարարը։
Նախագծի համաձայն՝ ներդրումների հիմնական վերադարձը կարող է կազմել մինչև 25 տոկոս, սակայն հավելյալ 10 տոկոս հնարավոր կլինի ստանալ այն դեպքում, եթե ֆիլմում ներկայացված լինեն Հայաստանի հանրահռչակման տարրեր։
«Խոսքը ոչ թե ուղղակի հայկական մշակույթի և արժեքների արտացոլման մասին է, այլ ուղղակիորեն ՀՀ հանրահռչակման։ Այսինքն՝ Հայաստանին այնպիսի անդրադարձի, որը արժևորում, ներկայացնում և տեսանելի է դարձնում մերօրյա ՀՀ տարածքը, բնակավայրերը, կենցաղը, մարդկանց, արժեքները և այլն։ Եվ սա նաև զբոսաշրջության խթանման և երկրի տեսանելիության բարձրացմանն ուղղված քայլ է»,–նշել է Անդրեասյանը։
Նախարարի խոսքով՝ արդեն իսկ կան ստորագրված հուշագրեր միջազգային հարթակների հետ, այդ թվում՝ Netfllix-ի, ինչը նախագծի ընդունումից հետո կարող է վերածվել կոնկրետ գործնական համագործակցության։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ ներդրումների մինչև 35 տոկոսի վերադարձի մեխանիզմը տալիս է նոր հնարավորություններ նաև տեղական արտադրողներին։
«Մենք պետք է քաջալերենք, որ ոլորտի մեր մասնավոր կազմակերպությունները, նաև այս հնարավորությունն ունենալով, գործընկերներ փնտրեն, որովհետև նախագիծը նաև հնարավորություն է տալիս տեղական արտադրողներին, որ նրանք գործընկերության մեջ մտնեն։ Ըստ էության, սա ակտիվ է նաև նրանց ձեռքում՝ որպես համաներդրում, որ կարողանան գործընկերային հարաբերություններ հաստատել»,–ասել է Փաշինյանը։