10 ապրիլի 2025 - 15:28 AMT
Փոխնախարար․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում միջամտությունն իրականացվել է օրենքով սահմանված կարգով

Արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած իրադարձությունները միտված են եղել ապահովելու հաստատության անվտանգությունն ու կարգ ու կանոնը։

Նրա խոսքով՝ միջամտությունն իրականացվել է օրենքով սահմանված կարգով, հայտնում է Aysor.am-ը։

«Ինչ վերաբերում է ծեծին, ապա ես արդեն նշեցի, որ օրենքով սահմանված կարգով եղել է միջամտություն՝ ուղղված կարգ ու կանոնի հաստատմանը և անվտանգության ապահովմանը, թե արդյո՞ք այդ միջամտությունն անցել է թույլատրելի սահմանները՝ այդ մասով ծառայողական քննություն է կատարվում, այդ հարցերի պատասխանները կլինեն քրեական գործի շրջանակներում»,-հավելեց նա։

Ապրիլի 3-ին իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հայտնել էր, որ «Նուբարաշենում» ցմահ դատապարտյալների նկատմամբ բռնություն է գործադրվել։ Այս հայտարարությունից հետո ՄԻՊ գրասենյակը տեղեկացրել էր, որ արձագանքման արագ խումբ է մեկնել հիմնարկ։

Քրեակատարողական ծառայությունից հայտնել էին, որ «Նուբարաշեն» ՔԿՀ–ում դատապարտյալներից մեկը պարբերաբար ներկայացնում է անօրինական պահանջներ և հրահրում այլ ազատազրկված անձանց նույնպես ներկայացնել նման անօրինական պահանջներ։ Որոշվել է անօրինականություններ ու պառակտում հրահրող դատապարտյալին տեղափոխել այլ ՔԿՀ՝ հաջակցություն վերջինիս՝ որոշ կալանավորված անձինք և ցմահ դատապարտյալներ դրսևորել են անհնազանդություն, վնասել են խցերի գույքը, այրել ներքնակները, հարվածել դռներին և այլն։

«Ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ համատեղ ձեռնարկել են հատուկ միջոցառումներ ազատազրկված անձանց կողմից ներքին կանոնակարգի խախտումները վերացնելու ուղղությամբ։ Ֆիզիկական ուժի գործադրմամբ վերջիններս դուրս են բերվել խցերից, իսկ խցերում իրականացվել են խուզարկություններ»,–ասվում էր հաղորդագրության մեջ։