10 ապրիլի 2025 - 18:30 AMT
Արշինովա․ ՀՀ և ՌԴ միջև որոշակի տորբուլենտություն կա՝ դեպի ԵՄ Երևանի ձգտման պատճառով

ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Եվրասիա» ԱՆՈ խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովան Մոսկվայում կայացած «Եվրասիա. Արժեքների տարածք» ֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև որոշակի տուրբուլենտություն կա՝ կապված Երևանի՝ եվրաինտեգրման ձգտումների հետ, չնայած Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ լինելը։

Միևնույն ժամանակ, պատգամավորը բարձր է գնահատել հայ և ռուս ժողովուրդների միջև հարաբերությունների մակարդակը, հայտնում է Sputnik Արմենիան։

«Դե, դա ավելին է, քան եղբայրական ժողովուրդներ։ Մենք փաստորեն միասին ենք ապրում», – նշել է նա։

Արշինովան ընդգծել է, որ Հայաստանի ՀՆԱ-ն զգալի աճ է արձանագրում, ինչը աշխարհի ամենաբարձր ցուցանիշներից է։ Նրա խոսքով, այդ աճը գերազանցում է 10%-ը, իսկ որոշ ոլորտներում՝ ավելի քան 20%, ինչը պայմանավորված է զուգահեռ ներմուծմամբ և ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությամբ։

«Ինչ վերաբերում է միջպետական հարաբերություններին, ապա այժմ որոշակի լարվածություն կա, քանի որ Հայաստանի իշխանությունների կողմից որոշակի հայտարարություններ են արվել այն մասին, որ մենք միասին շարունակելու ենք զարգացնել Եվրասիական տնտեսական միությունը։ Միևնույն ժամանակ, մենք տեսնում ենք, որ Հայաստանի Ազգային ժողովը որոշում է ընդունել եվրաինտեգրման վերաբերյալ», – նշել է ռուս պատգամավորը։

ՌԴ Պետդումայի փոխնախագահ Բորիս Չերնիշովը նշել է, որ Ռուսաստանը որևէ ճնշում չի գործադրում Հայաստանի վրա՝ ընդգծելով, որ Մոսկվան ցանկանում է իր դաշնակիցների բարօրությունը։

«Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանը լինի ազատ, անկախ, ինքնիշխան, որպեսզի զարգանա։ Բայց կան ուժեր, որոնց պետք չէ ինքնիշխան Հայաստան, որոնք չեն ցանկանում նրա իսկական անկախությունը։ Հենց այդ պատճառով էլ նրանք փորձում են խզել պատմական կապերը Ռուսաստանի և Հայաստանի միջև», – նշել է Պետդումայի փոխխոսնակը։

Որպես օրինակ՝ նա նշել է խորհրդային ժողովուրդներին միավորող պատմական կապերից հրաժարվելու փորձերը, մասնավորապես՝ 9 Մայիսի տոնի չեղարկման նախաձեռնությունները։

«Մայիսի 9-ի տոնը իսկապես բարու ուժերի՝ չարի ուժերի նկատմամբ ամենամեծ հաղթանակի խորհրդանիշն է։ Իսկ նրանք, ովքեր փորձում են դա այլ կերպ ներկայացնել, ամբողջությամբ ոչնչացնում են այն ժողովուրդների կապերը, որոնք կռվել են նույն խրամատում՝ անկախ իրենց ազգային պատկանելությունից, իրենց մեծ հայրենիքի՝ ԽՍՀՄ-ի, իրենց երեխաների ապագայի համար», – ասել է Չերնիշովը։

Նրա խոսքով՝ հայերն ու ռուսները մնում են եղբայրական ժողովուրդներ։ Պատգամավորն ընդգծել է, որ իր մեծ պապը Հայրենական պատերազմի ժամանակ կռվել է հայ զինվորների կողքին։

Միաժամանակ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ նշել է, որ հանրապետության՝ ԵՄ-ին միանալու գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունումը չի նշանակում ավտոմատ անդամակցություն․ նման որոշում պետք է ընդունվի հանրաքվեի միջոցով։ Կրեմլում արձագանքել են ՀՀ կառավարության որոշմանը՝ նշելով, որ անհնար է միաժամանակ անդամակցել ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ նման օրինագծի քննարկումը կարող է ընկալվել որպես Երևանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ։

Բացի այդ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Մոսկվան դիտարկում է ԵՄ-ի ակտիվությունը Հայաստանում՝ որպես տարածաշրջանում սեփական աշխարհաքաղաքական շահերն առաջ մղելու փորձ, որը հեռու է իրական կայունացումից։ Նրա խոսքով, Եվրամիության նպատակը Ռուսաստանի դուրս մղումն է Հարավային Կովկասից և նրա՝ որպես անվտանգության գլխավոր երաշխավորի դերի թուլացումը։