Նախատեսվում է հսկել և հաշվառել հայ նշանավոր հեղինակների ստեղծագործությունների շարժը: Կառավարությունն ընդունել է որոշում, որով սահմանվել է վերջին 50 տարվա ընթացքում մահացած հեղինակների ցանկը։
Նրանց ստեղծագործությունների արտահանումն այսուհետ հնարավոր կլինի միայն մշակութային արժեքների արտահանման լիցենզիայով կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացության հիման վրա։
«Որոշման ընդունմամբ հնարավոր կլինի հսկել և հաշվառել հայ նշանավոր հեղինակների ստեղծագործությունների շարժը՝ դրանով նպաստելով մշակութային ժառանգության և մշակութային արժեքների շարժի օրինականության պահպանմանը»,ասվում է հիմնավորման մեջ։
Արդյունքում՝ անկախ ստեղծման ժամանակից այդ ստեղծագործողների աշխատանքները կհամարվեն մշակութային արժեքներ և դրանք ՀՀ-ից արտահանելու դեպքում կհաշվառվեն լիազորված պետական մարմնի կողմից: