Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը հանդիպել է Քասախ գյուղի բնակիչների հետ, որոնք բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով լուծել տրանսպորտային դժվարությունները։ Նա համայնքի ներկայացուցիչներից խնդրել է մեկ շաբաթ՝ խնդիրը քննարկելու և լուծումներ գտնելու համար։
Հանդիպմանը ներկա են գտնվել նաև մարզպետարանի տրանսպորտի վարչության պետը և «Մուլտի տրանս» ընկերության ներկայացուցիչը, հայտնում է Panorama.am-ը։
«Քննարկումները դեռ շարունակվելու են։ Պետք է հասկանանք, թե ինչպես ենք լուծելու խնդիրը։ Մի քանի տարբերակ կա, բայց դրանք չեմ հրապարակի»,-ասել է մարզպետը։
Նրա խոսքով՝ ինքը կապի մեջ է գտնվում տարածքային կառավարման նախարարության ու այլ գերատեսչությունների հետ՝ հնարավոր լուծումները գնահատելու նպատակով։
Արդեն մի քանի օր շարունակ Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները փակում են Աշտարակի մայրուղին՝ պահանջելով վերականգնել իրենց համար հասանելի հասարակական տրանսպորտի ծառայությունը։ Պռոշյանի բնակիչները կառավարության շենքում հանդիպումից հետո ժամանակավորապես ընդունելի են համարել առաջարկված լուծումը։
Ապրիլի 10–ին բողոքի ակցիայի շրջանակում ճանապարհը փակել են Քասախի բնակիչները։
Քասախի և Պռոշյանի բնակիչների բողոքի գործողությունները մեկնարկել են ապրիլի 5-ին։ Մինչ այդ բնակիչները Երևան են հասել թիվ 25 և 59 ավտոբուսներով՝ 150 դրամ վճարելով ուղևորության համար, sակայն Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել, ըստ որի այդ ավտոբուսները այլևս չեն սպասարկելու նշված համայնքները։
Նոր երթուղու սպասարկումը վերապահված է «Մուլտիտրանսպորտ» ընկերությանը, իսկ ուղեվարձը սահմանվել է համապատասխանաբար 250 և 200 դրամ։ Բնակիչների փոխանցմամբ՝ նոր երթուղին ընդգրկում է ընդամենը 7 կմ՝ իրենց հասցնելով Աջափնյակ վարչական շրջանում գտնվող Ֆիզիկայի ինստիտուտ, մինչդեռ վերջին ավտոբուսy շարժվում է 19։30-ին։ Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մերձակայքում։ Երեկ կառավարության շենքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ 25 համարի ավտոբուսն այժմ կշարունակի մինչև պաշտպանության նախարարության նախկին շենք, իսկ 59 համարի երթուղին այլևս չի հասնի Քասախ։ Սակայն Քասախի բնակիչները չեն համաձայնվել առաջարկված այս տարբերակին՝ շարունակելով բողոքը։