1992 թվականի ապրիլի 10-ին հայաբնակՄարաղա գյուղի խաղաղ բնակիչները ենթարկվեցին լիակատար էթնիկ զտման ադրբեջանական ուժերի կողմից. ավելի քան 50 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 կին, սպանվեց ադրբեջանական զինված ուժերի կողմից, 5000 բնակիչ բռնի տեղահանվեց, պատանդ վերցվեց 29 կին և 9 երեխա, 19-ի ճակատագիրը դեռևս անհայտ է։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ–ն։
1992 թվականի ապրիլի 10-ին ադրբեջանական միլիցիայի հատուկ նշանակության ջոկատը Մարաղա գյուղում հրկիզել է գյուղը և կոտորել բնակչությանը։
«Այդ վայրագությունները լավ փաստագրված են Human Rights Watch-ի և Amnesty International-ի զեկույցներում: Մարաղայի կոտորածին հանգեցրած վարքագծերը՝ էթնիկ ատելությունը, անպատժելիությունը, պատերազմական հանցագործությունների փառաբանումը, հայկական մշակութային կոթողների ավերումը և բռնի տեղահանումը, ավելի վաղ արձանագրվել էին 1988-1990 թվականներին՝ Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում և այլուր հայերի ջարդերի ժամանակ։
Այսօր, երբ մենք հարգանքի տուրք ենք մատուցում Մարաղայի կոտորածների զոհերի հիշատակին, նման ոճրագործությունները կանխելու և հարատև խաղաղության հասնելու համար պահանջվում է հրաժարվել ատելության խոսքից և նպաստել մարդու հիմնարար իրավունքների հարգմանը»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։
Մարաղան Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի հայաբնակ գյուղ է, որը 1992 թվականից գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։ 1989 թվականին բնակչությունը հասել էր 4644 մարդու, ճնշող մեծամասնությունը՝ հայեր։