10 ապրիլի 2025 - 17:43 AMT
Սահակյան․ Բաքվում 2020–ից գերության մեջ գտնվող մոտ 80 հայ է անհետացել

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ Ադրբեջանում 2020 թվականից գերեվարման մեջ գտնվող մոտ 80 հայ ենթարկվել է բռնի անհետացման։ Նա այդ մասին ասել է «Բաքվում պահվող հայ գերիների ու նրանց վերադարձի ուղիների» թեմայով քննարկման ժամանակ։

Ըստ պաշտոնական տվյալների` Բաքվում պահվում է 23 հայ, որոնցից 5-ը գերեվարվել են 2020 թվականին, իսկ մնացածը` 2023 թվականին։ 23 անձից 7-ի մասով արդեն իսկ դատավարություններն ավարտվել են, կան մեղադրական վճիռներ։

Սահակյանն ընդգծել է. «Գերիների խնդրին մենք 2 դիտանկյունից ենք մոտենում, որոնցից կարևորագույնը ազատ արձակման հարցն է, բայց մինչ այդ պահման պայմաններն են. պետք է նրանց իրավունքները հարգվեն։ Գերիների հիմնախնդիրը կապված է հենց բռնի անհետացման խնդրի հետ։ Եղել են դեպքեր, երբ մոտ 80 հայ ենթարկվել է բռնի անհետացման։ Մենք ունենք մարդկային ճակատագրեր, որոնք շարունակում են մնալ անհայտության մեջ», հայտնում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով` բռնի անհետացած 80 անձանց խումբը չի նույնանում անհետ կորած անձանց խմբի հետ, քանի որ բռնի անհետացածների դեպքում ստուգված ապացույցներ կան` տեսանյութեր, լուսանկարներ, ականատեսների վկայություններ։

Իրավապաշտպանն ընդգծեl 1, որ այս դեպքերը 2020 թվականին են վերաբերում։ Այդ անձինք որոշ ժամանակ եղել են ադրբեջանական ԶՈւ ներկայացուցիչների ֆիզիկական հսկողության ներքո, սակայն հետագայում հայտնի չէ, թե նրանց հետ ինչ է տեղի ունեցել։

«Երկու կանխավարկած կա` և՛ փակ վայրերում պահվելու, և՛ սպանված լինելու հանգամանքը։ Մենք չգիտենք ո՛չ նրանց պահման վայրը, ո՛չ կարգավիճակը, ո՛չ էլ ճակատագիրը, դրա համար էլ նրանք բռնի անհետացածներ են։ Այս 80 անձի մասով բազմաթիվ հարցումներ են եղել թե՛ ՄԱԿ–ի մեխանիզմներից, թե՛ Եվրոպական դատարանի։ Ցավոք մերժողական մոտեցում կա. Ադրբեջանը հղում է կատարում գերիների, անհետ կորածների և բռնի անհետացածների հարցերով զբաղվող իրենց հանձնաժողովին և հերքում այս անձանց գերեվարման կամ անգամ մարմինների, մասունքների Ադրբեջանում գտնվելու հանգամանքը»,– ասել է Սահակյանը։

Նման պարագայում, ըստ իրավապաշտպանի, Ադրբեջանը թաքցնում է սեփական հանցագործության հետքերը, քանի որ բռնի անհետացումը ևս պատերազմական հանցագործություն է, նույնիսկ եթե այդ անձինք ողջ են։

Նա հիշեցրել է, որ մոտ 210 հայ է Ադրբեջանից Հայաստան վերադարձվել, ընդ որում` նրանց թվում են նաև մինչև 44-օրյա պատերազմը սահմանային միջադեպերի հետևանքով Ադրբեջանի իշխանությունների տիրապետության տակ հայտնված հայերը։ Սահակյանը շեշտեց, որ այս միջադեպերով էլ արձանագրվել են սպանության դեպքեր։