10 ապրիլի 2025 - 17:46 AMT
ԿԽՄԿ-ն սառեցրել է նոր աշխատակիցների հավաքագրումը՝ ԱՄՆ ֆինանսավորման անորոշության պատճառով

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն՝ ԿԽՄԿ–ն, ժամանակավորապես դադարեցրել է նոր աշխատակիցների հավաքագրումը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի ֆինանսավորման կայունության հարցում անորոշության պատճառով։ Ըստ կազմակերպության գլխավոր տնօրեն Պիեռ Կրախենբուլի՝ այդ ֆինանսավորումը կազմում է ԿԽՄԿ բյուջեի մոտ 24 տոկոսը։

«Ներկա դրությամբ ֆինանսավորումը չի դադարեցվել։ Բայց դեռ չգիտենք ապագայի հետ կապված՝ գործող վարչակազմի (ԱՄՆ - խմբ.) մտադրությունները։ Այնուամենայնիվ, մենք 50 միլիոն ֆրանկի չափով կանխարգելիչ միջոցներ ենք ձեռնարկել, օրինակ՝ սառեցրել ենք նոր աշխատակիցների հավաքագրումը, որը բյուջեով նախատեսված էր», - ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։

ԿԽՄԿ ղեկավարը նշել է, որ նման զարգացումները մտահոգիչ ազդեցություն են ունենում ոչ միայն իրենց կառույցի, այլև Ժնևում տեղակայված այլ միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների վրա։

«Ժնևում ֆինանսավորման կրճատումները կոլեկտիվ սթրես են։ Կառույցն իրենից ներկայացնում է կազմակերպությունների լայն ցանց, բոլորս գիտենք մարդկանց, ընկերների, որոնց վրա տարածվել են խնայողությանն ուղղված միջոցառումները։ Մենք նաև արձանագրում ենք տեղերում ներդրումների նվազման ազդեցությունը», - ընդգծել է ԿԽՄԿ գլխավոր տնօրենը։