Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպում են ունեցել Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ։ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հանդիպումից հետո լրագրողներին ասել է, որ, Արցախի ինստիտուտների գործելը Հայաստանում չի նշանակում «երկրորդ պետության» գոյություն՝ դա թյուր կարծիք է։
«Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի առաջարկության հիման վրա մենք հանդիպումներ ունեցանք, հանդիպեցին հիմնականում Արցախի Ազգային Ժողովի և «Հայաստան» խմբակցության համատեղ աշխատանքային խմբի անդամները, որոնք այս ժամանակահատվածում լուրջ համատեղ աշխատանք են իրականացնում արցախցիների իրավունքների պաշտպանության, սոցիալ-տնտեսական և տարբեր ոլորտներում»,- ասել է Օհանյանը։
Նա համոզմունք է հայտնել, որ Արցախի պետական համակարգերն ու կազմակերպությունները պետք է շարունակեն գործել՝ աջակցելով ժողովրդի համայնքային ինքնության պահպանմանը և հետագա վերադարձի իրավունքի ապահովմանը, հայտնում է Panorama.am-ը։
«Երբ որ Արցախի ինստիտուտները գործում են Հայաստանում, մեր ժողովրդի որոշ հատվածի մոտ, ղեկավարության մոտ թող թյուր կարծիք չձևավորվի, որ երկրորդ պետություն է գործում, ընդհակառակը՝ նրանք գործում են պահպանելու Արցախի ժողովորդի իրավունքները, հետվերադարձի խնդիրների ուղղությամբ համապատասխան աշխատանք են տանում»,- ասել է Օհանյանը։
Նրա խոսքով՝ Արցախի հարցի շուրջ իրենք հանդես են եկել բազմաթիվ նախաձեռնություններով, այդ թվում՝ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ։
«Կփորձենք օգտագործել մեր ամբողջ գործիքակազմը Արցախի իրավունքների պաշտպանության գործում»,-ասել է Ս. Օհանյանը։
Սեյրան Օհանյանը ընդգծել է, որ խմբակցության պատգամավորներն ակտիվորեն բարձրաձայնում են Արցախի հետ կապված խնդիրները միջազգային հարթակներում, տարբեր կազմակերպություններում և բարեկամական խմբերի շրջանակում՝ շեշտելով, որ տեղի ունեցածը հանցագործություն է Արցախի ժողովրդի դեմ, որը հանգեցրել է բռնագաղթի և պետք է դիտարկվի նաև որպես ցեղասպանության մաս։ Նա հավելել է, որ շարունակաբար առաջ է քաշվում ռազմագերիների վերադարձի հարցը, ինչպես նաև Արցախի նախկին ղեկավարության դեմ իրականացվող դատավարությունների անարդար բնույթը։
«Այն հանձնաժողովը, որը ստեղծվել է Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, բավականին լուրջ աշխատանք է իրականացնում։ Մենք գտնում ենք, որ Արցախի հարցը փակված չէ: Արցախի իրավունքները պետք է պահպանվեն, Արցախի ճակատագիրը պետք է որոշվի հայ ժողովրդի, Արցախի ժողովրդի իրավունքների շրջանակներում», - ասել է Օհանյանը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ տարածքում չկան և չեն կարող գոյություն ունենալ երկրորդ պետություն կամ դրա հետ կապված որևէ պետական ինստիտուտ։ Ըստ նրա՝ այդօրինակ փորձերը պետք է արժանանան խիստ գնահատականների։