RT և Sputnik լրատվամիջոցների գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը կարծիք է հայտնել, որ եթե Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները վատթարանան, ապա Հայաստանը կարող է այլևս գոյություն չունենալ որպես պետություն։ Այս մասին նա ասել է «Եվրասիա — ավանդական արժեքների տարածք» միջազգային համաժողովի ընթացքում։
«Ռուսաստանի համար շատ տխուր կլինի, իսկ այ Հայաստան, ամենայն հավանականության, չի լինի ընդհանրապես։ Դա է սարսափելին»,–ասել է նա, գրում է Sputnik Արմենիան։
Ավելի վաղ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր և «Եվրասիա» ոչ առևտրային կազմակերպության խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովան ասել էր, որ երկրների հարաբերություններում որոշակի անկայունություն կա՝ Հայաստանի եվրաինտեգրման ձգտման ֆոնին, չնայած նրա անդամակցությանը ԵԱՏՄ-ին։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների կապը մնում է ամուր։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ նշել է, որ Եվրամիությանն անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունումը չի նշանակում Հայաստանի ինքնաբերական անդամակցություն․ այդ որոշումը պետք է ընդունվի հանրաքվեի միջոցով։ Կրեմլում մեկնաբանելով հայկական կառավարության որոշումը՝ նշել են, որ անհնար է միաժամանակ լինել ԵԱՏՄ-ի և Եվրամիության անդամ։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցության մասին օրինագծի քննարկումը դիտարկվում է որպես Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ։
Բացի այդ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան Եվրամիության՝ Հայաստանում ամրապնդվելու ձգտումը դիտարկում է որպես աշխարհաքաղաքական շահերի դրսևորում, որը կապ չունի Հարավային Կովկասում իրավիճակի իրական կայունացման հետ։ Նրա խոսքով՝ Եվրամիության նպատակը տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելն է և նրա՝ որպես անվտանգության հիմնական երաշխավորի՝ ավանդական դերի թուլացումը։