11 ապրիլի 2025 - 10:15 AMT
ՀՀ ՊՆ-ն հերքել է ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի տարածած տեղեկությունները՝ դրանք որակելով որպես իրականությանը չհամապատասխանող։

Նշվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ապրիլի 10-ին տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ երեկոյան ժամը 20:55-ի սահմաններում իբր ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

ՊՆ–ն հիշեցրել է, որ վարչապետի աշխատակազմն առաջարկել է ստեղծել Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ՝ հրադադարի խախտումների դեպքերը և այդ մասին տեղեկությունները հետաքննելու նպատակով, սակայն Ադրբեջանը մինչ օրս այդ առաջարկին չի արձագանքել։

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում»,– նշված է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Մարտի 16–ից սկսած Ադրբեջանի ՊՆ–ն օրը մի քանի անգամ ապատեղեկատվություն է տարածում իբր հայկական կողմից արձակվող կրակոցների մասին։ Հայաստանի ՊՆ–ն հետևողականորեն հերքում այդ հայտարարությունները։ Բաքվի ապատեղեկատվությունը հերքել է նաև ԵՄ դիտորդական առաքելությունը և ավելացրել գիշերային պարեկությունների քանակը։