Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Կառավարությունն ընդունել է տգիտության ու ժխտողականության հերթական ակտը, որով պարզապես խորացնելու է մոտ 100,000 արցախցիների աղքատությունը և մղելու է շատերին արտագաղթի ճանապարհը բռնել:
Նա հրատապ է համարել Մայր Հայաստանում արցախցիների կայուն ու արժանապատիվ կեցության ապահովումը։
«Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ընդունեց տգիտության ու ժխտողականության հերթական ակտը՝ ծանուցելով ևս առնվազն մեկ տարի առաջին դասարանում մնալու իրենց անկոտրում կամքը:
Ի հեճուկս՝
կառավարությունն այսօր ընդունեց այնպիսի մի որոշում, որով պարզապես խորացնելու է մոտ 100,000 արցախցիների աղքատությունը և մղելու է շատերին արտագաղթի ճանապարհը բռնել: Արցախցիների շրջանում եղած մոտ 70-80% աղքատությունը շուտով ավելի է աճելու, իսկ նրանց մեծամասնությունն էլ իջնելու է ծայրահեղ աղքատության շեմից ներքև:
Այս իշխանությունները փոխանակ օգնեն տեղահանված արցախցիներին ամրանալ Մայր Հայաստանում և ամրացնել այն, մեզ դիտարկում ու ներկայացնում են որպես «թշնամի»՝ իրենց ներքին ու արտաքին քաղաքական երազները սնելու և ձախողումներն արդարացնելու նպատակով:
Օրեր առաջ կառավարությունը պատրաստ էր կիսատ ու ձևական զիջման գնալ, այն է՝ մեկ ամսով երկարաձգել բնակվարձի աջակցության նախկին ծրագիրը՝ դրա դիմաց պահանջելով Ազատության հրապարակում տեղադրված շտաբ-վրանի ապամոնտաժում: Ինքնին այդ առաջարկը մեր բոլորիս պայքարի հաջողության ցուցիչներից էր՝ ցույց տալով հանրային ճնշման արդյունավետությունը այսպիսի իրավիճակներում: Սա նշանակում է, որ պետք է մեր պայքարը ավելի լայն թափ ստանա՝ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության:
Ինչ վերաբերում է պայքարի նպատակներին, ապա թեև 12 հիմնական նպատակներ են ձևակերպված հանրահավաքի պահանջագրում, սակայն այս պահին ամենահրատապն ու ամենազանգվածայինը Մայր Հայաստանում արցախցիների կայուն ու արժանապատիվ կեցության ապահովումն է: Առանց այդ նպատակի իրականացման՝ մնացած բոլոր նպատակները կա՛մ իմաստազուրկ են, կա՛մ էլ՝ շատ ավելի դժվար իրագործելի»,–ասվում է գրառման մեջ։
Արցախցիների համար նախատեսված «40+10 հազար դրամի» ծրագրի չեղարկումը, որն ուժի մեջ է մտել ապրիլի 1–ից, մեծ դժգոհություն է առաջացրել ԼՂ–ից բռնի տեղահանվածների շրջանում։ Շատերը կարծում են, որ դա կնպաստի արցախցիների արտագաղթին։ Ավելի ուշ հայտարարվեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար նախատեսված բնակարանային աջակցության ժամանակավոր՝ «40+10 հազար դրամի» ծրագիրը վերանայելու համատեքստում կառավարությունը նախատեսում է ներդնել նոր լրացուցիչ ծրագիր, որը կուղղվի սոցիալապես առավել խոցելի ընտանիքների կարիքների հասցեագրմանը։