11 ապրիլի 2025 - 11:37 AMT
Խոսնակ․ Մայիսի 9-ին Փաշինյան–Պուտին–Ալիև եռակողմ հանդիպում չի նախատեսվում

Մայիսի 9-ին Մոսկվայում ՀՀ, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ ձևաչափով հանդիպում նախատեսված չէ։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, տեղեկացնում է Factor.am-ը։

Մամուլում հրապարակվել էր տեղեկություն, թե մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք ամենամյա շքերթից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Լրատվամիջոցը գրել էր նաև եռակողմ ձևաչափով փաստաթղթի ստորագրման մասին, ինչը կառավարությունից ևս չեն հաստատել։

Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: