11 ապրիլի 2025 - 13:06 AMT
ՀՀ և Իրանի համատեղ զորավարժությունները հաջողությամբ ավարտվել են

Հայաստանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները համատեղ վարժանքներ են իրականացրել ապրիլի 9-10-ը՝ նպատակ ունենալով ամրապնդել սահմանային անվտանգությունը:

Իրանական աղբյուրների փոխանցմամբ, որոնք նաև հրապարակել են տեսանյութեր ու լուսանկարներ վարժանքներից, զորավարժություններն ավարտվել են հաջողությամբ։

Հաղորդվում է, որ սահմանային անվտանգության բարձրացման նպատակով անցկացված այս վարժանքների ընթացքում կիրառվել են ինչպես թեթև, այնպես էլ ծանր զինատեսակներ, հայտնում է Factor.am-ը։

Վարժանքների շրջանակում գնահատվել է նաև հատուկ նշանակության խմբերի դիպուկահարների պատրաստվածությունը։ Երկու օր տևած զորավարժությունների շրջանակում իրանական կողմում իրականացվել են քանդման գործողություններ, պայթյուններ և կրակի օժանդակում:

Երկու օր տևած վարժանքներն անցկացվել են երկու երկրների տարածքներում՝ Իրանի կողմում՝ Արևելյան Ադրբեջան նահանգի Նորդուզի սահմանային հատվածում, իսկ հայկական ստորաբաժանումը զորավարժությունն իրականացրել է Հայաստանի Հանրապետության տարածքում։