Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ապրիլին հրապարակած «Ասիական զարգացման հեռանկարներ» զեկույցի համաձայն՝ 2025-ին Հայաստանի տնտեսության աճը դանդաղել է և կազմելու է տարեկան 5%։
Զեկույցը նաև կանխատեսում է, որ 2026 թվականին այդ դանդաղման միտումը կշարունակվի՝ տնտեսական աճը կանխատեսվում է 4.7%, գրում է «Հետքը»։
2022 թվականին տնտեսությունը գրանցել է 12.6% աճ, 2023-ին՝ 8.3%, իսկ 2024-ին՝ արդեն 5.9%։ Տնտեսական տարբեր ճյուղերում արձանագրվել է աճի դանդաղում, որն առավել նկատելի է եղել ծառայությունների ոլորտում։
2025-2026 թթ. սպասվող տնտեսական աճի դանդաղումը առաջին հերթին պայմանավորվում է արտաքին գործոնների ազդեցության թուլացմամբ։2022-2023 թվականներին արտաքին գործոնները՝ մասնավորապես ռուսական շուկայի տեղաշարժերը, մեծապես նպաստել են Հայաստանի տնտեսության բարձր տեմպերին։ Սակայն ներկայում այդ գործոնների ազդեցությունը զգալիորեն նվազել է։
ԱԶԲ-ի գնահատմամբ՝ տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը լինելու է ներքին պահանջարկը։ Թեև ծառայությունների ոլորտը մնում է գլխավոր խթանողը, արդյունաբերության և գյուղատնտեսության ներդրումը համեստ է գնահատվում։
Հայաստանում 2024 թվականին, ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, միջին գնաճը կազմել է ընդամենը 0.3%։
ԱԶԲ-ը ցածր գնաճը կապել է միջազգային շուկաներում որոշ ապրանքների գների անկման և Կենտրոնական բանկի իրականացրած դրամավարկային քաղաքականության հետ։ Վերջինս 2023 թվականի կեսերից սկսել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որը մինչ այդ բարձրացվել էր գնաճը զսպելու նպատակով։
Այս գործիքի միջոցով ԿԲ-ն փորձել է սառեցնել բարձր գնաճը՝ վարկերն ավելի թանկ դարձնելով և սպառումը նվազեցնելով։ Երբ գնաճն ընկել է, ԿԲ-ն փոխել է մոտեցումը՝ նվազեցնելով տոկոսադրույքը՝ ակտիվությունը խթանելու համար։ Սա է դրամավարկային քաղաքականության հիմնական տրամաբանությունը։
ԿԲ-ն նաև նշել է, որ հնարավոր է՝ վարկավորման պահանջարկը որոշ չափով թուլանա, և տոկոսադրույքներն էլ կիջնեն։
ԱԶԲ-ը կանխատեսում է, որ 2025 թվականին Հայաստանում գնաճը կաճի և տարեկան կտրվածքով կհասնի 3%-ի, ինչը կհամապատասխանի Կենտրոնական բանկի սահմանած թիրախին։ ԿԲ-ի գնահատմամբ՝ 3% (±1 տոկոսային կետ) միջակայքը համարվում է թույլատրելի տնտեսության կայուն զարգացման համար։
2022 թվականի փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմից հետո Ռուսաստանի նկատմամբ սահմանվել են արևմտյան պատժամիջոցներ՝ ներառյալ առևտրի սահմանափակումներ, բանկային փոխանցումների արգելքներ և ներդրումների սահմանափակումներ։ Հայաստանը դարձել է ՌԴ-ի համար հիմնական տարանցիկ ուղին՝ այդ սահմանափակումները շրջանցելու համար։