ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետ Արտակ Հարությունյանը, ներկայացնելով ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար աջակցության նոր ծրագիրը, տեղեկացրել է, որ ծրագրում կարող են ներառվել Լեռնային Ղարաբաղից տեղահանված այն անձինք, որոնց ընտանիքի յուրաքանչյուր անդամի եկամուտը չի գերազանցում 55 հազար դրամը։
Աջակցության չափը կլինի 40 հազար դրամ, որին ընտանիքի երկրորդ անդամից սկսած հավելյալ կգումարվի ևս 10 հազար դրամ և կտրամադրվի ապրիլից մինչև դեկտեմբեր, հայտնում է 1lurer.am-ը։
«Եթե ընտանիքը բաղկացած է 5 անդամից, որոնց հաշվով ընտանիքը 55 հազար դրամից ավելի եկամուտ չունի, կդիտարկվի շահառու և կստանա 40 հազար դրամ աջակցություն ընտանիքի համար՝ գումարած ևս 10 հազար դրամ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար՝ սկսած երկրորդ անդամից: Այսինքն՝ 40 հազար դրամ + 40 հազար դրամ, այն է՝ 80 հազար դրամ»,- ասել է Արտակ Հարությունյանը:
Այս օգնությունից չեն կարող օգտվել այն ընտանիքները, որոնք արդեն բնակվում են պետության տրամադրած սոցիալական հաստատություններում, ինչպիսիք են մանկատներն ու ծերանոցները։
Բացի այդ, աջակցությունը չի տրամադրվի այն անձանց, ովքեր տեղավորվել են պետության տրամադրած բնակարաններում կամ սոցիալական բնակֆոնդում և չունեն բնակվարձի ծախսերի հետ կապված խնդիր։
Ավելի վաղ հայտարարվել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար իրականացվում է նաև մեկ այլ՝ հրատապ սոցիալական աջակցություն, որը զուգահեռ գործում է կեցության ապահովման ծրագրի հետ։
Արցախցիների համար նախատեսված «40+10 հազար դրամի» ծրագրի չեղարկումը, որն ուժի մեջ է մտել ապրիլի 1–ից, մեծ դժգոհություն է առաջացրել ԼՂ–ից բռնի տեղահանվածների շրջանում։ Շատերը կարծում են, որ դա կնպաստի արցախցիների արտագաղթին։