11 ապրիլի 2025 - 16:01 AMT
ՊԵԿ-ը խոշոր հարկատուների է տուգանել

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է այն ընկերությունների ցանկը, որոնց մոտ արձանագրվել են աշխատողի չձևակերպման և ՀԴՄ կիրառման կանոնների խախտման դեպքեր։

2025 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 31-ն իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ 34 խոշոր հարկ վճարողների ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում և առաջադրվել է մոտ138.1 մլն դրամ տուգանք։

Տուգանված հարկատուների շարքը գլխավորում է «Էվրիկա գրուպ» ընկերությունը, այն տուգանվել է 20 մլն դրամով։ Նշվում է, որ նույն չափի տուգանք ընկերությանը սահմանվել է նաև նախորդ տարվա ընթացքում։ հիմնվելով իրավաբանական անձանց պետական ռեգիստրից ստացված տվյալներից հայտնի է, որ ընկերության միակ բաժնետերը Թեմուր Ուսուբովն է, գրում է Factor.am-ը։

10 մլն դրամով տուգանվել է Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ՍՊԸ-ն է։ Այն ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի ներկրմամբ և վաճառքով զբաղվող ընկերություն է։ Տարեսկզբին Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն էլ 37 միլիոն 796,993 դրամ տուգանք էր նշանակել «Ֆլեշ» ՍՊԸ-ի նկատմամբ։

Նույն տուգանքին է ենթարկվել նաև «Գազ-պրոպան» ընկերությունը, որի հիմնադիրն է Պերճ Յախանեջյանը։ Ընկերությունը զբաղվում է հեղուկացված գազի վաճառքով Երևանում և մարզերում։ Շուկայի վերահսկողության մարմինը այս տարի նույնպես տուգանել է այն՝ 15 մլն 964 հազար դրամով։

ՊԵԿ ստուգումների արդյունքում 6 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է 31 չգրանցված աշխատող և առաջադրվել է մոտ 7.8 մլն դրամ տուգանք։ Տուգանված հարկատուների ցանկը գլխավորում է «Մեղրաձոր գոլդ» ընկերությունը։ Ընկերությունում ՊԵԿ-ն արձանագրել է 20 չգրանցված աշխատող, արդյունքում ընկերությանը տուգանել է 5 մլն դրամով։

Այս ընկերության 33 %-ի բաժնետերը Ծաղկաձորում գտնվող նախկին «Գոլդեն փելիս» հյուրանոցի սեփականատեր, գործարար Նարեկ Նալբանդյանն է։ Նա ընկերությունում բաժնեմաս է ստացել նախորդ տարվա հոկտեմբերին։ Ընկերությունում 33 %-ի բաժնեմաս ունի նաև Արտեմ Սահակյանը, իսկ 34 %-ի բաժնետերը Նարեկ Մարգարյանն է։