Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հերքել է պարբերաբար շրջանառվող հրապարակումները, ըստ որոնց՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի»՝ ԱՆԻՖ-ի ենթադրյալ չարաշահումների գործով առկա է նաև իր դեմ ուղղված իրավական գործընթաց։ Նա այդ մասին ասել է լրագրողների հետ զրույցում։
«Եթե մենք մամուլի նմանատիպ հոդվածների վրա մեր գործողությունները կառուցենք, կարծում եմ, որ շատ սխալ տեղում կլինենք։ Իմ հետ կապված նմանատիպ իրավական գործընթաց չկա և չի կարող լինել»,- ասել է Ավինյանը, հայտնում է Արմենպրեսը։
Լրագրողներից մեկի հարցին, թե ինչ հարաբերությունների մեջ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Ավինյանը կարճ պատասխանել է. «մտերիմ»։
2025 թվականի ապրիլին ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրել է, որ ԱՆԻՖ-ում տեղի ունեցած ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ, որի նախաքննությունն իրականացվում է Քննչական կոմիտեի՝ հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչության կողմից։
Ըստ պաշտոնական տվյալների՝ քրեական վարույթը նախաձեռնվել է Պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում։
ԱՆԻՖ-ը ստեղծվել է 2019 թվականին, իսկ 2024-ի մայիսին ՀՀ կառավարության որոշմամբ այն լուծարվել է։ Տիգրան Ավինյանը այդ հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցրել է ստեղծման պահից մինչև 2023 թվականի հոկտեմբեր։