Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժինը հանդես է եկել արձագանքով՝ անդրադառնալով Հռոմում Ադրբեջանի կազմակերպած հերթական հակահայկական ուղղվածություն ունեցող միջոցառմանը։
Նշվում է, որ այս առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը միջեկեղեցական հաղորդակցության ընկալյալ շրջանակներում նախաձեռնելու է անհրաժեշտ քայլեր։
«Սույն թվականի ապրիլի 10-ին Հռոմի պապական Գրեգորյան համալսարանում Սուրբ Աթոռում Ադրբեջանի դեսպանության և ադրբեջանական որոշ կազմակերպությունների նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդի ժամանակներ» վերտառությամբ միջոցառում՝ տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Միջոցառման ընթացքում ադրբեջանական քարոզչամեքենայի նախաձեռնությամբ հերթական անգամ փորձ է արվել ժխտելու Հայաստանի և Արցախի պատմամշակութային ժառանգության հայկական պատկանելությունը, խեղաթյուրելու պատմական իրողությունները՝ այն հետագայում յուրացնելու չարամիտ նպատակով։
Այս ամենը տեղի է ունենում, երբ տակավին միջազգային հանրության կողմից պատշաճ գնահատականներ չեն տրվել Ադրբեջանի իրականացրած ցեղասպան գործողություններին, Արցախից բռնի տեղահանված ողջ հայության հիմնարար իրավունքների ոտնահարմանը, Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող անօրինական ու նվաստացուցիչ գործողություններին, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության յուրացման և հայկական հետքերի իսպառ ոչնչացման դեպքերին։
Ցավում ենք, որ կաթոլիկ բարձրագույն կրթական հաստատության հարկից ներս թույլատրվել է կազմակերպել նման հակագիտական միջոցառում»,–ասվում է Մայր աթոռի հայտարարության մեջ։
Հայագիտական որևէ կառույց տեղեկացված չի եղել նման միջոցառման անցկացման մասին։ Ըստ հաղորդման՝ միջոցառմանը մասնակցում են տասնյակ մասնագետներ տարբեր երկրներից, սակայն հայեր չեն մասնակցել։