Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել՝ նախազգուշացնելով, որ ակտիվորեն շրջանառության մեջ դրվող որոշ տեղեկություններ միտումնավոր կերպով ուղղված են արցախցիների միասնության խաթարմանը։
Շտաբը կոչ է արել չտրվել սադրանքների։
«Տարօրինակ զուգադիպությամբ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության ակտիվ փուլում նորից տեղեկատվական դաշտ են նետվում փորձված հնարքներ՝ կրկին հանրության ուշադրությունը փորձելով շեղել Արցախում տեղի ունեցած հնարավոր կոռուպցիայով, թալանով, ամենաթողությամբ և այլ բացասական երևույթներով»,- նշված է Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ ընդգծվել է, որ այդ նպատակով օգտագործվում են Արցախում իրենց պառակտիչ ու ապակայունացնող վարքով հայտնի որոշ անձինք, և գլխավոր նպատակը բնակչության միասնականությունն խախտելն է՝ նրանց թույլ չտալով համախմբվել ու պաշտպանել սեփական իրավունքները։
Նույն հաղորդագրության մեջ հիշեցվում է, որ 2023 թվականի նոյեմբերի 8-ին, հաշվի առնելով ինչպես հասարակական պահանջը, այնպես էլ համացանցում շրջանառվող՝ ենթադրյալ հանցագործություններին վերաբերող տեղեկությունները, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով նախաձեռնել անհրաժեշտ իրավական գործընթացներ։
Գրության հիման վրա ՀՀ իրավապահ մարմիններում, ինչպես նաև քննչական և հակակոռուպցիոն կոմիտեներում հարուցվել են քրեական վարույթներ, որոնց շրջանակում առգրավվել են Արցախի ներդրումային հիմնադրամի էլեկտրոնային սերվերները և տրամադրվել են համապատասխան տվյալներ։
Վերոնշյալ վարույթների շրջանակում նախագահ Սամվել Շահրամանյանը մասնակցել է հարցաքննությանը՝ վկայի կարգավիճակով։
Տեղեկատվական շտաբը նաև կրկին դիմել է ՀՀ իրավապահ մարմիններին՝ կոչ անելով ձեռնարկել հստակ քայլեր՝ բացահայտելու հնարավոր հանցանքներն ու պատասխանատվության ենթարկելու մեղավոր անձանց։
«Արցախցիներին կոչ ենք անում չտրվել տեղեկատվական սադրանքներին, պահպանել համերաշխություն, ցուցաբերել խոհեմություն և միասնական ճակատով ՀՀ օրենսդրության սահմաններում վերականգնել խախտված իրավունքները»,- նշված է հայտարարության մեջ։