Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի և գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի գույքի վրա դատարանը արգելանք է դրել՝ մոտ 4․5 մլրդ դրամի չափով։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ, բավարարել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։
ՀՀ դատախազությունն նախկին բարձրաստիճան զինվորականներից պահանջում է բռնագանձել նշված գումարը՝ իբրև փոխհատուցում պետությանը հասցված վնասի համար։ Հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարան ներկայացվել է 2025 թվականի մարտի 17-ին, և նույն օրը մակագրվել է դատավոր Դրմեյանին, գրում է «Փաստինֆոն»։
Պահանջի հիմքում ընկած քրեական գործը ներկայացվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարան և մակագրվել դատավոր Մասիս Մելքոնյանին։ Գործը վերաբերում է պաշտոնեական անփութության դեպքի, որը հանգեցրել է ծանր հետևանքների։
Պաշտպանական կողմը պնդել է, որ գործը ենթակա չէ քննության, քանի որ անցել են վաղեմության ժամկետները, իսկ գեներալները չեն ընդունել իրենց վերագրվող արարքները։
Ընդ որում, պաշտպանության կողմը նաև կասկածներ ունեն, որ ի սկզբանե՝ քրեական գործը դատարան ուղարկելու նպատակը եղել է քաղհայցով պետությանը պատճառված ենթադրյալ վնասի բռնագանձման հարց բարձրացնելը, ինչն էլ փաստացի արվել է։
Հայցի շրջանակում դատախազությունը միջնորդել է կիրառել հայցի ապահովման միջոց՝ պահանջելով գույքի վրա դնել 4,370,985,000 դրամի արգելանք։ Ըստ միջնորդության՝ պարտավորությունները ծագել են ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով, իսկ պատասխանողները չեն փորձել կամավոր կերպով փոխհատուցել վնասը։ Բացի այդ, ըստ դատախազության, գույքային միջոցների կորուստը հնարավոր է՝ խոչընդոտի դատական ակտի կատարումը։
Դատարանն ընդունել է ներկայացված հիմնավորումները և բավարարել միջնորդությունը։