ՀԱԵ Երուսաղեմի պատրիարքարանը խստորեն քննադատել է Վատիկանի տարածքում անցկացված «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդի ժամանակներ» խորագրով միջոցառումը՝ այն համարելով ակնհայտ կեղծ պատմագրական ակտ։
«Մենք պնդում ենք այն, որ հայ գիտնականները բացառվել են այս անհիմն գիտաժողովին մասնակցելուց, այն դարձնում է պետության կողմից հովանավորվող ռևիզիոնիզմի և կեղծ պատմագրության ակտ։ Այս միջոցառումը չի համապատասխանում Վատիկանի չափանիշներին։ Ֆինանսական խթաններից բացի ոչ մի ճշմարտանման բացատրություն չկա այս ամենին։ Մենք պնդում ենք, որ Վատիկանը գործել է անպատասխանատու կերպով թույլ տալով հմտորեն օգտագործել իր ակադեմիական հարթակը շինծու պատմություն տարածելու համար»,– ասված է հայտարարությունում։
Երուսաղեմի պատրիարքարանում համոզված են, որ նման նախաձեռնությունների նպատակը Հայ առաքելական եկեղեցու դարավոր ներկայությունը Հարավային Կովկասում մոռացության մատնելն է միջազգային գիտական հանրության գիտակցությունից։
Հայտարարության մեջ նաև շեշտվել է, որ առանց հայ գիտնականների մասնակցության նման գիտաժողով կազմակերպելով՝ Վատիկանը փաստացի մասնակից է դարձել բնիկ քրիստոնեական ժողովրդի դեմ ուղղված պատմական ապատեղեկատվության քաղաքականությանը։
«Սա ռազմավարություն է, որն ուղղված է ոչ միայն ՀՀ–ի նկատմամբ ժամանակակից տարածքային նկրտումները օրինականացնելուն, այլև ավելի հին քաղաքակրթությունների առկայությունը թաքցնելուն։ Ադրբեջանի գիտաքարոզչական ճակատը ձգտում է իր երիտասարդ պետությանը չարդարացված խորություն հաղորդել։ Նրանք կեղծում են մշակութային ժառանգությունը և քողարկում հայ եկեղեցու ժառանգությունը։ Պնդում ենք իրական ժառանգության փոխարեն այս ռեժիմի ակադեմիական վերնախավը Վատիկանին ներկայացում է առաջարկել. հիշողության փոխարեն կեղծիք, պատմական ճշմարտություններին հավատարիմ մնալու փոխարեն` հաշվենկատ մեծամտություն»,– ասված է հայտարարությունում։
Պատրիարքարանը ևս ընդգծել է, որ նման գիտաժողովներում շրջանառվող տեսակետները, ըստ որոնց Արցախի հայկական քրիստոնեական կոթողները պատկանում են այսպես կոչված «կովկասյան ալբանացիներին», ոչ միայն զուրկ են գիտական հիմնավորումից, այլ նաև պատմական ժխտողականության արտահայտություն են։
Երուսաղեմի Հայ առաքելական պատրիարքարանը հորդորել է Վատիկանին հստակ դիրքորոշում ցուցաբերել։
Ապրիլի 10-ին «Artsakh monument watch» ծրագրի դիտարկման խմբի ներկայացուցիչները տեղեկացրել են՝ Վատիկանի Սուրբ Աթոռին պատկանող Գրիգորյան պապական համալսարանում ընթացքի մեջ է եղել «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով միջազգային գիտաժողով։
Միջոցառումն իրականացվել է Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության և մի շարք ադրբեջանական կազմակերպությունների ջանքերով։ Ըստ Artsakh monument watch-ի տվյալների՝ գիտաժողովին մասնակցել են մասնագետներ տարբեր երկրներից՝ Թուրքիայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Հարավային Կորեայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Իտալիայից, Վրաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Կանադայից, ԱՄՆ-ից և Լիտվայից։ Միջոցառման ընթացքում ներկայացվել են հայկական մի շարք սրբավայրեր՝ իբր աղվանական մշակույթի մաս, չնայած դրանք ունեն բազմադարյա հայկական ծագում ու արձանագրված պատմություն։ Նման հուշարձանների թվում են Ամարասի, Գանձասարի, Դադիվանքի վանական համալիրները։