Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, համագործակցելով տարբեր երկրների հայկական դեսպանությունների, սփյուռքյան կառույցների և միջազգային գործընկերների հետ, նախաձեռնել է մի շարք միջոցառումներ՝ նվիրված Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։
Նման ծրագրերից մեկի շրջանակում վերջերս Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում, Ազգային թատրոնի «Ռոտոնդա» սրահում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կազմակերպած «Հայ կինը՝ Ցեղասպանության զոհ և հերոս» ցուցադրության բացումը։
Միջոցառումն իրականացվել է Ռումինիայի հայոց միության Հայ մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ և Ռումինիայում ՀՀ դեսպանության, Հայ եկեղեցու թեմական կառույցի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ու Բուխարեստի ազգային թատրոնի համագործակցությամբ։ Ցուցադրությանը հաջորդել է նաև «Ստրունգա՝ հայ որբերի նոր տունը» խորագրով մեկ այլ ցուցադրության բացում։
«Հայ կինը՝ Ցեղասպանության զոհ և հերոս» ցուցադրությունն անդրադառնում է Հայոց ցեղասպանության ընթացքում հայ կանանց կրած տառապանքներին ու դրսևորած հերոսությանը։ Լուսանկարները, պատմական փաստերը և վկայությունները ներկայացնում են այն կանանց պատմությունները, ովքեր պայքարել են գոյատևելու համար։
Ցուցադրության բացմանը ներկաներին ողջունել է Բուխարեստի ազգային թատրոնի ներկայացուցիչ Ադրիանա Պոպեսկուն՝ ընդգծելով նման նախաձեռնությունների կարևորությունը ռումին հասարակության համար, քանի որ դրանք հնարավորություն են տալիս խորապես ծանոթանալու հայ ժողովրդի պատմության չբացահայտված էջերին։
Իր խոսքում Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը նշել է, որ 1915 թվականը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական շրջանն է, երբ կորցվեց հայրենիքի մեծ մասը, զոհվեցին շուրջ երեք քառորդը, սպանվեց մոտ 6500 հոգևորական, ոչնչացվեց 60 առաջնորդարան, և միայն մոտ 350 հազար հայի է հաջողվել փրկվել՝ հասնելով օտար ափեր, ինչի հետևանքով այսօր աշխարհի ավելի քան 160 երկրում գոյություն ունեն հայկական համայնքներ ու եկեղեցիներ։
Ցուցադրությունը շարունակվելու է մեկ ամիս՝ հասանելի լինելով լայն հասարակության համար։