Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ապրիլի 23-ին, ժամը 15:00-ին, կբացի «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին:
Cուցադրությունում ներկայացվում են մոտ 70 ականատեսի վավերագրեր՝ հիշողություններ, օրագրային գրառումներ, զեկույցներ, լուսանկարներ, փաստագրական տեսանյութեր ու այլ նյութեր:
Վավերագրող ականատեսները ներկայացնում են մոտ 30 պետություն, այդ թվում՝ ԱՄՆ, Ավստրալիա, Կանադա, Վենեսուելա, Շվեյցարիա, Շվեդիա, Դանիա, Նորվեգիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Հունաստան, Իտալիա, Վատիկան, Նիդերլանդներ, Չեխիա, Լեհաստան, Հնդկաստան, Պարսկաստան, Սիրիա և այլ երկրներ:
Ցուցադրությանը ընդգրկված են նաև թուրք վավերագրողներ, ովքեր իրենց հիշողություններում, ժամանակի մամուլի էջերում, ինչպես նաև դատական գործերով արձանագրել են հայ ժողովրդի դեմ կատարված ոճրագործությունները։
Հայոց ցեղասպանության ականատեսների թողած հուշագրերն ու փաստագրական նյութերը, որտեղ մանրամասնորեն ներկայացված են ցեղասպանության սարսափները, հանդիսանում են բացառիկ սկզբնաղբյուրներ՝ փաստելով Օսմանյան կայսրությունում մարդկության ու քաղաքակրթության դեմ իրագործված ոճրագործությունները։ Դրանք նաև փաստում են այն իրողությունը, որ միջազգային հանրությունը լիովին տեղեկացված է եղել հայերի դեմ իրականացված հանցագործությունների մասին։
Ցուցադրությունը հասանելի կլինի մինչև 2026 թվականի ապրիլը։