14 ապրիլի 2025 - 13:54 AMT
Գալուզին․ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները կարող են ցավոտ լինել ՀՀ համար

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը խոսել է այն հնարավոր հետևանքների մասին, որոնք կարող են ի հայտ գալ, եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ–ից՝ Եվրասիական տնտեսական միությունից։

Նրա խոսքով՝ այդպիսի որոշման հետևանքները կարող են ցավոտ լինել Հայաստանի բնակիչների համար, գրում է «Իզվեստիան»։

«Եթե Հայաստանը գնա եվրոպական ընտրության ճանապարհով, դա օբյեկտիվորեն կբերի այն ամրագրված տնտեսական հարաբերությունների վերանայմանը, որոնք այսօր գոյություն ունեն ԵԱՏՄ շրջանակներում՝ Երևանի ու նրա գործընկերների միջև։ Հավանաբար, դա բավականին ցավոտ գործընթաց կլինի, այդ թվում՝ ցավոք, Հայաստանի բնակչության համար», — հայտարարել է քաղաքական գործիչը։

Մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է8 տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Սակայն ԵՄ-ն դեռևս պաշտոնական հրավեր չի ուղղել Հայաստանին՝ անդամակցության վերաբերյալ, իսկ ընդդիմադիր ուժերը փաստաթուղթը անվանել են իրավական առումով անհեթեթ։ ՀՀ նախագահը ստորագրել է օրենքը։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ևս հայտարարել է, որ Հայաստանը չի կարող «նստել երկու աթոռի վրա» և ստիպված է լինելու ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։