Թուրքիայում ընդդիմությունը հայտարարել է, որ ավելի քան 10 միլիոն ստորագրություն է հավաքվել արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման նախաձեռնության շրջանակում։ Այդ մասին Սամսուն սևծովյան քաղաքում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտնել է Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) ղեկավար Օզգյուր Օզելը, ում խոսքը մեջբերել է «Halk TV» հեռուստաալիքը։
«Շաբաթվա վերջին ստորագրությունների քանակը՝ արտահերթ ընտրությունների անցկացման օգտին, գերազանցել է 10 միլիոնը։ Սակայն մենք ավելի լայնածավալ նպատակ ունենք, և միասին կհասնենք այդ նպատակին», - նշել է ընդդիմության ղեկավարը, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Ստորագրահավաքը մեկնարկել է մարտի 30-ին Սև ծովի ափին գտնվող Տրապզոն քաղաքում, որտեղ ծնվել է Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։ Նույն օրը հայտարարվել էր 28 միլիոն ստորագրություն հավաքելու մտադրության մասին՝ մի փոքր ավելին, քան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստացած ձայները 2023թ․ մայիսին կայացած ընտրություններում։
Թեև Թուրքիայի հաջորդ նախագահական ընտրությունները նախատեսված են 2028 թվականին, ընդդիմությունը պահանջում է դրանց ավելի վաղ անցկացում։ Մարտի 23-ին ԺՀԿ-ն անցկացրել է նախնական ընտրություններ՝ որոշելու նախագահական թեկնածուին, որի ժամանակ Էքրեմ Իմամօղլուի թեկնածությունը պաշտպանել է ավելի քան 14․8 միլիոն մարդ։
Սամսունում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Օզելն առաջադրել է արտահերթ ընտրությունների անցկացման կոչ և կրկին քննադատել երկրի իշխանություններին՝ վերջիններիս անվանելով «խունտա, որը չի ներկայացնում պետությունն ու ժողովրդին»։ Ավելի վաղ Անկարայի դատախազությունը նրա դեմ հետաքննություն էր սկսել՝ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով։
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է մարտի 19-ին՝ կոռուպցիայի և ահաբեկչական կազմակերպությունների հետ կապեր ունենալու մեղադրանքով։ Մարտի 23-ին դատարանը որոշել է նրան կալանքի տակ պահել։ Դրանից հետո երկրով մեկ՝ մասնավորապես Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում, ընդդիմության նախաձեռնությամբ տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր։ ՀՀԿ-ն խոստացել է ամեն շաբաթ կազմակերպել նման բողոքի ակցիաներ Թուրքիայի տարբեր շրջաններում։