Միկոյան 64 հասցեում գտնվող վեց բնակելի շենքերի բնակիչները վաղ առավոտից փակել էին Անաստաս Միկոյան փողոցը (Եղվարդի խճուղի)՝ բարձրաձայնելով իրենց նկատմամբ տեղի ունեցող ապօրինությունների, անարդարության, կոռուպցիոն սխեմաների և պետական համակարգի անգործության մասին:
Բանն այն է, որ այդ հասցեում կառուցված և բնակելի 6 շենքից բաղկացած համալիրի բնակիչներից խլում են իրենց պատկանող՝ ընդհանուր բաժնային սեփականությունը, որը նախատեսված էր կանաչապատման համար։ Կառուցապատող «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն նախագծով ծանրաբեռնված և կանաչապատման ու բարեկարգման համար նախատեսված հատվածն առանձնացրել է, այնուհետև վաճառել իրեն փոխկապակցված մեկ այլ ընկերության՝«ԿԱԷՌՄայնինգ»ՍՊԸ-ին, հայտնում է Panorama.am-ը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ թույլ է տվել նախագծով ծանրաբեռնված և կանաչապատման ու բարեկարգման համար նախատեսված տարածքը օտարել. Ավինյանն այդ հատվածին առանձին հասցե է տրամադրել, իսկ Կադաստրի կոմիտեն իր հերթին, առանց գնորդների համաձայնությունը ստանալու, գնորդների գնման իրավունքներով ծանրաբեռնված հողամասի առանձնացված մասը գրանցել է որպես առանձին գույքային միավոր։
Ակցիայի մասնակիցները կոչ են ուղղել իշխանություններին՝ ընդգծելով. «Մեր օրինակը տեսնելով՝ Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի չի կարող հավատալ, որ այս պետությունը սեփական բախտը որոշելու, ճակատագիրը կանխորոշելու լավագույն գործիքն է քաղաքացու համար, և լավագույն կյանքը հնարավոր է միայն հենց այս պետության մեջ:
Տպավորություն է, որ նույն տեսլականի՝ հարստացիր և հարստացրու գաղափարի միակ շահառուն անպատասխանատու բիզնեսն ու պետական համակարգն են, հերոսը միայն հարկ վճարող քաղաքացիներն են, իսկ միլիարդների հասնող հարկերից չարամտորեն խուսափող կառուցապատողներին պետությունը չի տեսնում»:
Բնակիչները պետական և իրավապահ մարմիններից ակնկալում են հետևյալ քայլերը՝
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայումս գտնվում է գործուղման մեջ և բնակիչներին կընդունի ապրիլի 16-ին։
«Այսօր առավոտից «Անաստաս Միկոյան 64» շենքի բնակիչները փակել են Անաստաս Միկոյան փողոցը (Եղվարդի խճուղի), բարձրաձայնելով մի շարք խնդիրներ, որոնք առնչվում են պետական, տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմինների լիազորություններին։ Տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայումս գտնվում է գործուղման մեջ։ Քաղաքապետը բնակիչներին կընդունի ապրիլի 16-ին»,-գրել է նա։
Անաստաս Միկոյան 64 հասցեի բնակիչները, որոնք փողոց են փակել՝ բողոքելով իրենց իրավունքների ոտնահարման դեմ, վեճի են բռնվել բժշկուհի ներկայացած մի կնոջ հետ, ով աշխատավայր էր շտապում։
«Մեր տունը մեր ձեռքից առնում են, քուր ջան, մենք պայքարում ենք։ Դուք ձեր մեքենայի մասին եք մտածում, մենք մեր տան»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը, հայտնում է Panorama.am-ը։
Բնակիչները հիշեցրել են, որ պահանջում են արդարություն՝ ուղղված ինչպես պետական, այնպես էլ իրավապահ կառույցներին։
Նրանք ընդգծել են՝ կառուցապատող «ՆԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի սնանկ ճանաչման գործընթացը ձեռնտու է հենց ընկերությանը. վերջինս կարող է խուսափել մոտ 16 միլիարդ դրամի հարկային պարտավորությունից, ինչպես նաև Երևանի համայնքի հանդեպ՝ անշարժ գույքի գծով կուտակված մոտ 800 միլիոն դրամի պարտքերից։
«Ի դեպ, մենք հարցեր ունենք քաղաքապետարանին։ Ինչպե՞ս է , որ երեք տարի շարունակ քաղաքապետարանը չի պահանջել այս կառուցապատողից անշարժ գույքի հարկի վճարումը, քանի որ եթե բնակիչները 5 հազար դրամի գծով հարկային պարտավորություն ունենային, հաստատ արգելանքներ կկիրառեին գույքի, դրամական միջոցների վրա, իսկ իրենց պարագայում ոչ մի բան չի արվում։ Մենք հանգում ենք այն եզրակացության, որ գործ ունենք հովանավորչության հետ։
Հիմա ուզում ենք հասկանալ, ո՞վ է հովանավորում, ի՞նչ մակարդակի հովանավորչության մասին ենք խոսում, երբ ողջ իրավական համակարգն այս խնդրի հետ կապված անգործության է մատնված, Պետական եկամուտների կոմիտեն՝ նույնպես, դատախազութունը, քննչական կոմիտեն»,-ասել է բնակիչներից մեկը։
Ակցիայի մեկնարկից ավելի քան մեկ ժամ անց, համայնքային ոստիկանների հետ բանակցություններից հետո բնակիչները ժամանակավորապես բացել են փողոցը, սակայն զգուշացրել են՝ պատկան մարմինների անգործության դեպքում պատրաստ են փակել Դավիթաշեն կամուրջ տանող բոլոր ճանապարհները։
«Ես հույս ունեմ, որ մեր պաշտոնյաները կունենան կամք, չեն ունենա կաշկանդվածություն ու կհանդիպեն բնակիչների հետ»,-ասել է բնակարան գնած քաղաքացին։
Բնակիչները չգիտեն, թե ինչ է լինելու բանկում գրավադրված իրենց բնակարանների հետ, երբ սնանկ ճանաչված ընկերությունը չկարողանա մարել պարտքերը։