Թուրքական լրատվամիջոցները հաղորդել են, որ Թուրքիայի փրկարարներն Արաքս գետում հայտնաբերել են 28-ամյա Իսմայիլ Ադիրի դին, որը կորել էր Իգդիրի տարածքում՝ Հայաստանի հետ սահմանին։
Ադիրին գտնելու նպատակով որոնողական գործողություններ էին սկսվել, քանի որ, ենթադրաբար, նա ընկել էր սահմանային Արաքս գետը։ Որոնողական աշխատանքներին ներգրավվել են Վանի նահանգի ժանդարմերիայի հրամանատարության ջրասուզակ խմբերը, գրում է Factor.am-ը։
Ի վերջո, երիտասարդի դին հայտնաբերվել է գետի տարածքում։ Դեպքի վերաբերյալ քննությունը դեռ շարունակվում է։
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները գրել էին, որ Թուրքիա-Հայաստան սահմանին ՝ Իգդիրում, ապօրինի ճանապարհով սահմանը հատել փորձած չորս ընկերներից մեկը՝ 28 տարեկան Իսմայիլ Ադիրը, անհետացել է: Ընկերների հաղորդումից հետո դեպքի վայր են մեկնել թուրքական ժանդարմերիայի ու «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) ստորաբաժանումները։