Եվրամիության արտաքին գործերի խորհուրդն ապրիլի 14–ի նիստում ընդգրկել է Հայաստանի ու Ադրբեջանի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումների քննարկումը՝ կարևորելով այդ տարածաշրջանի ռազմաքաղաքական նշանակությունը՝ ներառյալ մարտի 13-ի հայտարարությունը խաղաղության համաձայնագրի վերաբերյալ։
ԵՄ-ի արտաքին գործերի խորհուրդն աշխատանքն է սկսում Լյուքսեմբուրգում՝ քննարկելու Ուկրաինայի վերջին իրադարձությունները, իրավիճակը Մերձավոր Արևելքում, ինչպես նաև Եվրամիության հարաբերություններն Աֆրիկայի և Արևմտյան Բալկանների երկրների հետ, հայտնում է Եվրոպայի խորհուրդը։
ԵՄ-ի խորհրդի նիստից հետո տեղի կունենա պատմության մեջ առաջին բարձր մակարդակի երկխոսությունը Եվրամիության և Պաղեստինի ազգային վարչակազմի (ՊԱՎ) միջև:
Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:
Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։