Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում մեկնաբանել է ադրբեջանական կողմի պահանջը, որը վերաբերում է ՀՀ Սահմանադրության փոփոխմանը։
Պատասխանելով հարցին՝ արդյոք Սահմանադրության մեջ առկա հղումը Անկախության հռչակագրին կարող է դիտվել որպես իրավական խոչընդոտ խաղաղության պայմանագրի համար, Միրզոյանը պարզաբանել է, որ ՀՀ Սահմանադրության մեջ որևէ տարածքային հավակնություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ չկա։
Նա նաև նշել է, որ վավերացման գործընթացի ընթացքում, ստորագրելուց հետո, այս փաստաթուղթը պետք է գնա և ստանա դրական եզրակացություն ՀՀ Սահմանադրական դատարանից:
«Եթե խոսքը վերաբերում է Սահմանադրությանն, ապա պետք է հստակ ընդգծել, որ մեր Սահմանադրության մեջ որևէ տարածքային հավակնություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ գոյություն չունի։ Սահմանադրության նախաբանում առկա է հղում Անկախության հռչակագրին, որտեղ նշվում է, որ Սահմանադրությունը հիմնված է այդ հռչակագրի վրա՝ մի շարք նպատակների և արժեքների համատեքստում։ Այնուհետև ներկայացվում են Սահմանադրության հիմնական դրույթները։ Ադրբեջանական կողմը կարծում է, որ Անկախության հռչակագրում կա պահանջ։
Ինչպես արդեն նշել եմ, և այժմ չեմ ցանկանում խորանալ մանրամասների մեջ, սակայն սա հեշտությամբ կարող է ապացուցվել իրավաբանների կողմից, քանի որ բոլոր համապատասխան փաստաթղթերը բաց և հասանելի են։
Միաժամանակ, մենք ինքներս լուրջ մտահոգություններ ունենք այն հարցում, որ հենց Ադրբեջանի Սահմանադրության մեջ առկա են տարածքային պահանջներ։ Եվ ես պատրաստ եմ բացատրել՝ ինչու։ Իրենց Սահմանադրության մեջ նրանք հղում են կատարում իրենց Անկախության հռչակագրին, որում նշում են, որ այս Ադրբեջանի Հանրապետությունն Առաջին Հանրապետության իրավահաջորդն է, որը գոյություն է ունեցել մինչև Խորհրդային Միությունը: Այսպիսով, Ադրբեջանի Առաջին Հանրապետությունն իր ինքնիշխանությունը հայտարարել է շատ ավելի լայն տարածքների նկատմամբ, քան ժամանակակից Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններն են։ Այդ տարածքների ավելի քան 60 տոկոսը կազմում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված տարածքը։ Սա, բնականաբար, խնդիր է։ Եթե մենք խորանանք Սահմանադրության մեջ, ապա, սա անշուշտ խնդիր է:
Սակայն առաջարկվող խաղաղության պայմանագրում, որի ստորագրմանը մենք պատրաստ ենք, արդեն իսկ ներառված է այդ խնդրի լուծման մեխանիզմը։ Նախ, ինչպես արդեն ասել եմ, կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն՝ ըստ այն սահմանների, որոնք ես արդեն նշել եմ։ Եվ սա այն ձևակերպումն է, որն ընդունելի է երկու կողմերի համար, քանի որ հակառակ դեպքում պարզապես հնարավոր չէր լինի համաձայնության գալ տեքստի շուրջ։ Այսպիսով, վավերացման գործընթացի ընթացքում, ստորագրելուց հետո, այս փաստաթուղթը պետք է գնա և ստանա դրական եզրակացություն մեր Սահմանադրական դատարանից»,–ասել է Միրզոյանը։
Լրագրողը հարցրել է, թե արդյոք Միրզոյանը վստահ է դրանում։
«Իհարկե, եթե Սահմանադրական դատարանը եզրակացնի, որ առաջարկվող խաղաղության պայմանագիրը` ներառյալ կողմերի տարածքային ամբողջականության ճանաչումը՝ հենց այդ կոնկրետ ընկալմամբ և սահմաններով, համապատասխանում է Սահմանադրությանը, ապա կարելի է ասել, որ խնդիրը լուծված է, և այն լիարժեքորեն հասցեագրված է։ Իսկ եթե, տեսականորեն, Սահմանադրական դատարանը հայտարարի, որ պայմանագիրը չի համապատասխանում Սահմանադրությանը, ապա դա արդեն կլինի այլ իրավիճակ։ Այդ դեպքում, բնականաբար, կողմերը կրկին կվերադառնան բանակցությունների սեղան՝ գնահատելու հետագա քայլերը»,-ասել է Միրզոյանը։
Նախարարը նկատել է, որ մի քանի ամիս առաջ Սահմանադրական դատարանն արդեն իսկ դրական եզրակացություն է տվել սահմանի սահմանազատման մասին առաջին միջազգային փաստաթղթին, որի հիմքում նույն սկզբունքներն են դրված։
«Բայց կրկնում եմ, սա բացառապես տեսական սցենար է, քանի որ անցյալ սեպտեմբերին մենք ունեցանք մեկ այլ հնարավորություն՝ հասկանալու Սահմանադրական դատարանի մոտեցումը: Եթե հիշում եք, Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման համատեղ հանձնաժողովները ստորագրեցին իրենց առաջին միջազգային փաստաթուղթը՝ հանձնաժողովների կանոնակարգը։ Այս փաստաթղթում հստակ նշվում է, որ սահմանազատումը պետք է իրականացվի Ալմաթիի հռչակագրի հիման վրա՝ այն նույն սկզբունքի համաձայն, որի մասին խոսեցի՝ կողմերի միջև գոյություն ունեցած վարչական սահմանները Խորհրդային Միության փլուզումից հետո վերածվեցին միջազգայնորեն ճանաչված պետական սահմանների։ Նշված կանոնակարգը ներկայացվել է Սահմանադրական դատարան, և դատարանը տվել է դրական եզրակացություն՝ արձանագրելով, որ այդ փաստաթղթի բովանդակությունն ամբողջությամբ համապատասխանում է Սահմանադրությանը։ Այսինքն, մենք գործ ունենք նույն տրամաբանության, նույն սկզբունքի կիրառման հետ։ Ուստի, քիչ հավանական է, որ միևնույն հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանն ընդամենը մի քանի ամիս անց արտահայտի հակադիր դիրքորոշում։ Սակայն, կրկին նշեմ՝ տեսական հնարավորություն միշտ գոյություն ունի»,–ասել է Միրզոյանը։
Եզրափակելով իր խոսքը՝ Միրզոյանը կրկին շեշտել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը և վավերացումը մնում են ամենաարդյունավետ ու կարճ ուղին խնդիրը կարգավորելու համար։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ադրբեջանի պահանջները ՀՀ–ին հայտնի են՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և ՀՀ սահմանադրության փոփոխում, որում, իբր, «տարածքային պահանջներ կան Ադրբեջանի հանդեպ»։