Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Անթալիայում կայացած դիվանագիտական համաժողովի ընթացքում թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ ՀՀ–ն Ադրբեջանին առաջարկել է միաժամանակ ստորագրել 2 փաստաթուղթ՝ խաղաղության պայմանագիրը, ինչպես նաև ԵԱՀԿ-ին կամ նրա անդամ պետություններին ուղղված համատեղ դիմումը, որով կսկսվի Մինսկի խմբի լուծարման գործընթացը։
«Անդրադառնալով ադրբեջանական կողմի կողմից հնչեցված որոշ գաղափարների,՝ մասնավորապես Մինսկի խմբի թեմային՝ ցանկանում եմ նշել, որ մեր դիրքորոշումը հստակ հայտնի է։ Եթե մենք ընդունում ենք, որ հակամարտությունն ավարտված է, և այդ փաստը հաստատված է խաղաղության պայմանագրով, ապա այդ դեպքում ո՛չ Մինսկի խումբը, ոչ էլ նրա ենթակա կառույցներն այլևս նպատակահարմարություն չեն ունենում։ Հենց այդ տրամաբանությամբ մենք առաջարկել ենք ստորագրել երկու փաստաթուղթ միևնույն օրը՝ խաղաղության պայմանագիրը, ինչպես նաև ԵԱՀԿ-ին կամ նրա անդամ պետություններին ուղղված համատեղ դիմումը, որով կսկսվի Մինսկի խմբի լուծարման գործընթացը»,–ասել էնա, հայտնում է ԱԳՆ–ն։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ երրորդ երկրի տարածքում, Միրզոյանը նշել է, որ դա կարող է լինել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, կարող է լինել որևէ երրորդ երկրում, որը ընդունելի կլինի թե՛ Երևանի, թե՛ Բաքվի համար։
«Այս ամենը կարող է քննարկման առարկա դառնալ։ Սակայն պետք է արձանագրել, որ տեքստի շուրջ համաձայնության գալու փաստի հրապարակումից անմիջապես հետո ադրբեջանական կողմը հանդես եկավ մի շարք նախապայմաններով, որոնք վերաբերում էին, մասնավորապես, Մինսկի խմբին և Սահմանադրությանը։ Կարող են լինել նաև այլ մտքեր, ինչքան որ հասկանում եմ»,–ասել է Միրզոյանը։
Երբ զրուցակիցը նշել է, որ քննարկման ընթացքում նման դիրքորոշում է արտահայտել նաև Ջեյհուն Բայրամովը, Միրզոյանն արձագանքել է․ «Մեր մոտեցումը հետևյալն է. մենք կարող ենք սկսել գործընթացը՝ դնելով մեկ աղյուս, ապա ևս մեկը և մի որոշ ժամանակ անց կարող ենք տեսնել, որ միասին կառուցել ենք, օրինակ, մի ամուր կամուրջ։ Կամ կարող ենք նստել և սպասել ևս մի քանի հարյուր տարի՝ փորձելով հասկանալ՝ արդյո՞ք նախկին մոտեցումներն այլևս կիրառելի չեն, արդյո՞ք հակամարտությունն իսկապես ավարտված է, թե՞ դեռևս առկա են խոչընդոտներ։ Սակայն մեր դիրքորոշումն այն է, որ անհրաժեշտ է կենտրոնանալ հարցի կառուցողական կողմի վրա, կենտրոնանալ հնարավորությունների, ապագայի վրա, այլ ոչ թե շարունակ խորանալ անցյալում և տեսնել միայն խոչընդոտներ»։
Ապրիլի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Կողմերը քննարկել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստի վերջնականացումից հետո կարգավորման գործընթացում ներկա իրավիճակը։ Նախարարները վերահաստատել են երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը։