15 ապրիլի 2025 - 11:19 AMT
Միրզոյան․ Հաջողությունը հայ-թուրքական ուղղությամբ կարող է դրական ազդել ՀՀ–Ադրբեջան կարգավորման վրա

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը թուրքական NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ «եթե հաջողություն գրանցվի հայ-թուրքական ուղղությամբ և սահմանը բացվի, դա կարող է դրական ազդակ դառնալ նաև հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի համար»։

Անդրադառնալով հայ–թուրքական կարգավորմանը՝ Միրզոյանը հիշեցրել է, որ հատուկ ներկայացուցիչներ են նշանակվել՝ Սերդար Քըլըչը Թուրքիայի կողմից և Ռուբեն Ռուբինյանը Հայաստանի կողմից։

«Զուգահեռաբար, գործընթացում ներգրավված են նաև երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները։ Այսօր երեկոյան նախատեսված է իմ հերթական հանդիպումը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Սա մեր առաջին հանդիպումը չէ, ինչը վկայում է, որ գոյություն ունի բավականին ակտիվ հայ-թուրքական երկխոսություն։ Ընդ որում, այդ երկխոսությունը չի սահմանափակվում միայն երկու նախարարների կամ հատուկ ներկայացուցիչների մակարդակով։ Գործընթացում աստիճանաբար ներգրավվում են նաև այլ համապատասխան կառույցներ։ Տարբեր կառույցների միջև արդեն իսկ իրականացվում են հանդիպումներ»,–ասել է Միրզոյանը։

Նա հավելել է, որ համատեղ կերպով ուսումնասիրվել է Մարգարա–Ալիջան ցամաքային անցակետի ենթակառուցվածքը։

«Նմանատիպ ուսումնասիրություն կատարվել է նաև Գյումրի–Կարս երկաթուղու ուղղությամբ։ Մի քանի օր առաջ մեր համապատասխան մարմինների ներկայացուցիչները քննարկել են Անիի կամրջի վերակառուցման համատեղ նախագիծը։ Կան նաև մի շարք այլ նախաձեռնություններ։ Այս ամենը վկայում է, որ գործընթացը, թեև դանդաղ, բայց շարժվում է առաջ»,–ասել է Միրզոյանը։

Նա նշել է, որ հայկական կողմը գնահատել է Մարգարա անցակետի ենթակառուցվածքների ներկայիս վիճակը և արդեն իսկ ավարտին է հասցրել իր հատվածի վերակառուցումը։

«Այս հանգամանքը հատուկ եմ նշում՝ ընդգծելու համար, որ գործընթացը շարժվում է առաջ, և մենք շարունակում ենք պահպանել կայուն ու ինտենսիվ երկխոսություն մեր թուրք գործընկերների հետ։ Միևնույն ժամանակ, պետք է արձանագրենք, որ գործընթացի վերջնական նպատակները՝ հարաբերությունների լիարժեք կարգավորումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի բացումը, այս փուլում դեռ չեն իրագործվել։ Եվ սա, անշուշտ, որոշակիորեն կապված է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի հետ։ Մեր համոզմունքն է, որ եթե հաջողություն գրանցվի հայ-թուրքական ուղղությամբ և իրականացվի սահմանի բացումը, դա կարող է դրական ազդակ դառնալ նաև հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի համար»,–ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք ներկայում խաղաղության հասնելու ճիշտ ժամանակն է՝ նախարարն ընդգծել է, որ կատարյալ ժամանակներ կարող են ընդհանրապես չգալ, սակայն ներկայիս իրավիճակն առավել բարենպաստ է, քան երբևէ։

«Բայց վստահությամբ կարող եմ ասել, և կարծում եմ, որ իմ թուրք և ադրբեջանցի գործընկերները ևս կհաստատեն դա, երբեք այսքան մոտ չենք եղել միմյանց։ Միգուցե ժամանակը հարմար չէ, միգուցե երբեք էլ չի լինի, բայց եթե անկեղծ գնահատենք՝ որտեղ ենք հիմա, ապա կարող ենք ասել, որ երբեք չենք եղել այսքան մոտ խաղաղությանը և կայունությանը», - նկատել է նախարարը։

2021 թվականից ի վեր, երբ Հայաստանն ու Թուրքիան նշանակել են հատուկ ներկայացուցիչներ՝ ուղղված հարաբերությունների կարգավորմանը, կողմերը փորձել են իրականացնել մի շարք քայլեր։ Նախնական պայմանավորվածությունը վերաբերում էր բեռնափոխադրումների թույլտվությանը։ Հաջորդ հնարավոր քայլը պետք է լիներ սահմանների բացումը երրորդ երկրների քաղաքացիների համար, սակայն այդ ուղղությամբ զգալի զարգացում դեռ չի գրանցվել։