15 ապրիլի 2025 - 11:47 AMT
Մայիսի 3-ին համապետական շաբաթօրյակ է

Մայիսի 3-ին Հայաստանում նախատեսված է համապետական շաբաթօրյակ, որի նախապատրաստական հարցերը քննարկվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում։

Համակարգված ու արդյունավետ աշխատանքները կազմակերպելու նպատակով նախարարությունում նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանի գլխավորությամբ կայացել է համապետական շաբաթօրյակի նախապատրաստական և կազմակերպչական հարցերի քննարկում՝ ՀՀ գործադիր և տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Շաբաթօրյակին ակնկալվում է պատշաճ վիճակի բերել միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերն ու հարակից տարածքները, սննդի և այլ ծառայություններ մատուցող ճանապարհամերձ օբյեկտներին հարող տարածքները, զբոսաշրջային գրավչություն ներկայացնող պատմամշակութային հուշարձանների հարակից տարածքները, հատուկ պահպանվող տարածքները, ջրային համակարգերի տարածքները, կանաչ գոտիները, պուրակները, զբոսայգիները և այլն:

Հանդիպման ընթացքում պլանավորվել են գերատեսչությունների կողմից նախատեսվող աշխատանքները, անհրաժեշտ տեխնիկայի և մարդկային ռեսուրսների ներգրավման և մաքրման ենթակա տարածքների հստակեցման հարցերը։