Ազգային ժողովում հերթական վիճաբանությունն է ծավալվել՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ու ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը տարակարծիք էին համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցում։
Խաչատրյանը հայտարարել է. «Սիրելի հայրենակիցներ, ձեզ խաբում են, այս նախագիծը ոչ թե եկամուտները ճշտելու նպատակ է հետապնդում, այլ հավելյալ հարկեր մտցնելու նպատակ», հայտնում է «Փաստինֆոն»։
«Ձեզ թվում է կառավարությունը հետաքրքրությունից դրդվա՞ծ է ուզում 300,000 դրամից ավելի փոխանցումների մասին տեղեկանալ։ Ոչ հաջորդը հարկվելու են արտագնա աշխատանքի մեկնողները, հետո գյուղատնտեսությամբ զբաղվողները, այս օրենքը բացարձակապես հայտարարագրման մշակույթի հետ կապ չունի»,–ասել է նա։
Ի պատասխան Խաչատրյանին՝ Ալեքսանյանը հակադարձել է ընդդիմության մոտեցումներին՝ պնդելով. «Ընդդիմության նպատակը մեկն է, այնպես անել, որ հնարավորինս քիչ քաղաքացի կարողանա օգտվել սոցիալական կրեդիտներից, որոնք այս նախագծի շնորհից քաղաքացիները կարողանում են ստանալ, այս նախաձեռնության բերումով։ Այս պահի դրությամբ 12 հազար քաղաքացի ստացել է միջինում 90,000 դրամ հետվերադարձ իր կատարած վճարներից։ Ընդդիմությունն ունի մեկ նպատակ՝ այնպես անել, որ հնարավորինս քիչ մարդ ստանա այդ հետ վճարները։ Նպատակն այն է, որ Հայաստանում դժգոհ քաղաքացիների քանակը շատ լինի»։
ՀՀ բոլոր վարձու աշխատողները նոյեմբերի 1–ից պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն։ Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացրած անձը, հաշվետու տարվա ընթացքում իր կամ իր ընտանիքի անդամների համար առողջապահության ու կրթության գծով սոցիալական ծախսեր անելու դեպքում, կարող է օգտվել սոցծախսի փոխհատուցման հնարավորությունից։