15 ապրիլի 2025 - 14:57 AMT
Փաշինյան․ Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում վստահեցրել է, որ կառավարությունը հավատարիմ է խաղաղության նպատակի իր հանձնառությանը՝ անկախ արտաքին և ներքին ճնշումներից։

Նա հայտարարել է, որ պատերազմ չի՛ լինելու, լինելու է խաղաղություն։

«Ակնհայտ է, որ Հայաստանում և Հայաստանից դուրս գտնվող որոշ ուժեր պատերազմի ամենօրյա քարոզչություն են իրականացնում և դա կյանքի կոչելու կոնկրետ գործողությունների դիմում։ Այդ գործողությունների շարքում առանձնանում է Ադրբեջանի պատերազմական խոսույթը, որին զուգահեռ գործողությունները, որոնք արտահայտվում են Հայաստանին հրադադարի ռեժիմի խախտումների կեղծ մեղադրանքներով և Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներով, եթե չասենք ամենօրյա»,– հայտարարել է նա։

Վարչապետը նշել է, որ չնայած մեծ մասամբ այդ խախտումներն անկանոն բնույթ են ունեցել, մեկ ամսվա ընթացքում արձանագրվել են Խնածախ գյուղին ուղղված 2 հստակ հրաձգության դեպքեր։ Նա հավելել է, որ կրակոցների ձայները արձագանքել են հանրապետության մի քանի համայնքներում, հայտնում է Sputnik Արմենիան։

«Այդ կրակոցները կամ Ադրբեջանի ԶՈւ–ում անկարգապահության հետևանք են, կամ նշված բնակավայրերի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ ունեն։ ՀՀ–ն Ադրբեջանին կոչ է անում հետաքննել նշված դեպքերը և ձեռնարկել դրանք դադարեցնելու միջոցառումներ»,– ասել է Փաշինյանը։

Վարչապետը հայտնել է, որ հայկական զինված ուժերին հստակ հանձնարարություն է տրվել՝ խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը, իսկ ՀՀ-ն պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրելու նաև հայկական կողմի կողմից հնարավոր խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը։

Փաշինյանն ընդգծել է, որ ադրբեջանական կողմին առաջարկվել է սահմանային միջադեպերի ու հրադադարի խախտումների քննության համատեղ մշտադիտարկման մեխանիզմ ձևավորել, որը կգործի ամենօրյա սկզբունքով։

«Այս համատեքստում ուզում եմ անդրադառնալ բոլոր այն խոսույթներին, որոնք կանխատեսում են Հայաստան–Ադրբեջան նոր սրացում և անգամ նոր պատերազմ։ Պատերազմի որևէ հիմնավորում չկա. Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը»,– ընդգծել է նա։

Փաշինյանը կոչ է արել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ներսում գործող քաղաքական շրջանակներին և անհատներին՝ դրսևորել բարձր պատասխանատվություն ու ձեռնպահ մնալ հայտարարություններից, որոնք հակասում են խաղաղության տրամաբանությանը կամ կարող են այն հարցականի տակ դնել։

«Հայաստանի և Ադրբեջանի ժողվուրդներն արժանի են խաղաղության և խաղաղ համակեցության։ Պատերազմ չի՛ լինելու, լինելու է խաղաղություն»,– եզրափակել է իր ելույթը Փաշինյանը։

Փաշինյանն ասել է նաև, որ պատրաստ է իր ստորագրությունը դնել խաղաղության պայմանագրի տակ։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը կապել է այդ համաձայնագրի ստորագրումը երկու հարցի հետ, որոնցից առաջինը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է, հայտնում է Aysor.am-ը։

«Բազմիցս ասել եմ, որ դա հասկանալի օրակարգ է Հայաստանի համար, եթե մենք փակում ենք ԼՂ հակամարտության էջը, իսկ մենք դա անում ենք, ի՞նչ իմաստ ունի հակամարտությամբ զբաղվող կառույցի գործունեությունը։ Բայց ԵԱՀԿ ՄԽ-ն ունի ավելի լայն համատեքստ, ու մենք ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանը Մինսկի խմբի լուծարումը չի դիտարկում որպես Հայաստան-Ադրբեջան հակամարտությունն Ադրբեջանի տարածքում փակելուն ու ՀՀ ինքնիշխան տարածք տեղափոխելուն ուղղված քայլ։ Մենք Ադրբեջանին առաջարկում ենք խաղաղության համաձայնագիրն ու ՄԽ կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ»,- հայտարարել է նա։

Վարչապետը նաև անդրադարձել է երկրորդ խնդրին, որը, ըստ նրա, բարձրացվել է Ադրբեջանի կողմից և վերաբերում է այն պնդմանը, թե «ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ»։

«Մենք անկեղծ պետք է հասկանանք խնդրի էությունը, հետևաբար, պետք է արձանագրենք, որ ՀՀ Սահմանադրության տեքստին պաշտոնական մեկնաբանություն տալ կարող է միայն ՀՀ Սահմանադրական դատարանը, այսինքն՝ ՍԴ-ն է այն մարմինը, որ կարող է պաշտոնապես ասել, թե ինչ է պարունակում ու ինչ չի պարունակում ՀՀ Սահմանադրությունը։ Մեր ՍԴ-ն արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանին կամ որևէ այլ երկրին ուղղված տարածքային պահանջներ չկան»,- ընդգծել է Փաշինյանը։

Նա հավելել է նաև, որ հենց Հայաստանն է Ադրբեջանի Սահմանադրության մեջ նկատել իր տարածքի նկատմամբ դրված հավակնություններ։

«Բայց մենք այդ հարցը չենք բարձրացնում, որովհետև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի նախագծում կան անհրաժեշտ ձևակերպումներ, որոնք լուծում են խնդիրը՝ արձանագրելով, որ կողմերը միմյանցից տարածքային պահանջներ չունեն ու պարտավորվում են ապագայում ևս նման պահանջներ առաջ չքաշել»,- նշել է վարչապետը։

Մարտի 16–ից սկսած Ադրբեջանի ՊՆ–ն օրը մի քանի անգամ ապատեղեկատվություն է տարածում իբր հայկական կողմից արձակվող կրակոցների մասին։ Հայաստանի ՊՆ–ն հետևողականորեն հերքում այդ հայտարարությունները։ Բաքվի ապատեղեկատվությունը հերքել է նաև ԵՄ դիտորդական առաքելությունը։