Արցախի Պաշտպանության բանակի (ՊԲ) նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի փաստաբանները ծավալուն բողոք են ներկայացրել դատարանի կայացրած վճռի դեմ։ Պաշտպան Արսեն Սարդարյանն ասուլիսում ասել է, որ դատարանի դատավորը կողմնակալ մոտեցում է ցուցաբերել, և գործի էական մանրամասները պատշաճորեն չեն դիտարկվել մեղադրական վճիռ կայացնելուց առաջ։
Նա ասել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնի հրամանատարությունն իրականացրել է պաշտպանության կազմակերպման մի շարք սխալներ՝ մի քանի անգամ լքելով դիրքերը և նահանջելով առանց վերադաս հրամանատարության թույլտվության։ Այդ տեղեկատվության մասին տեղեկացել է Արցախի Պաշտպանության բանակի հրետանու գծով տեղակալ, հրետանու պետ Գենադի Բաղդասարյանը, ով բազմիցս պահանջել է հետ բերել դիրքերը՝ ընդգծելով, որ թողնված հատվածը անհարմար է համազորային ստորաբաժանումների հրետանային աջակցման համար, հայտնում է Sputnik Արմենիան։
«Թողնե’լ, մերոնք են»,- Արցախի Պաշտպանության բանակի (ՊԲ) նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին արձակած այս հրամանը ճակատագրական է եղել Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի համար։ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանի «Ջուվառլու» կոչվող տեղամասում Արցախի ՊԲ 8-րդ հրաձգային բրիգադի (Ցորի զորամաս) Դ-20 հրետանային դիվիզիոնի վրա ադրբեջանցիների հարձակման հետևանքով զոհվել է 20 զինծառայող, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 7 զինծառայող, իսկ հրետանու պետ, փոխգնդապետ Նորայր Հայրապետյանի գտնվելու վայրը մինչ օրս հայտնի չէ։ Դիրքերում մնացել է 8 հատ Դ-20 հրանոթ, 4 հատ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա, մեծաքանակ զենք-զինամթերք, այդ թվում՝ հրանոթի արկեր, հրամանատարական դիտակետում և մարտկոցներում պահվող ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթեր և այլն։
Սարդարյանը նշել է, որ դատավարության մեկ տարվա ընթացքում իրենք ու գործընկերներն ուսումնասիրել են բոլոր ապացույցները, որոնց վերլուծությունն ու վկայակոչումը ժամանակատար գործընթաց է եղել։ Նրա խոսքով՝ երեք փաստաբաններով դատարան են ներկայացրել ծավալուն բողոքներ, որոնցից յուրաքանչյուրը վերաբերում է առանձին խնդրի՝ միջինը գերազանցելով 30 էջը։
Փաստաբանը նաև ասել է, որ ըստ գործով ձեռք բերված տվյալների՝ Ցորի զորամասի հրամանատարությունը ի սկզբանե դրսևորել է փախուստի տրամադրություններ, որոնք մեծ դժվարությամբ են զսպվել հրետանու պետ Գենադի Բաղդասարյանի կողմից։
«Հավանական է, որ Գենադի Բաղդասարյանին տարբեր սպաներ, այդ թվում Ջալալ Հարությունյանը ասել են, որ «կարող է մերոնք լինեն», «պետք է որ մերոնք լինեն», և նա դա հիմք ընդունելով փոխանցել է` «մերոնք են, որ Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնի հրամանատարությունը փախուստի չդիմի»,–ասել է Սարդարյանը։
Իր հերթին Հարությունյանի մյուս պաշտպան Անդրանիկ Մնացականյանը մատնանշել է, որ դատարանի կողմից գործի քննության ընթացքում թույլ տրված մի շարք խախտումներ կարող են որոշիչ լինել։
Նրա խոսքով՝ դատարանը անտեսել է ռազմական փորձագիտական եզրակացությունը, որտեղ արձանագրվել է, որ եթե դիվիզիոնի հրամանատարությունը ժամանակին և ճիշտ գործեր, ապա հակառակորդի խումբը վաղաժամ կբացահայտվեր, ինչը կկանխեր մարդկային և տեխնիկայի կորուստները։
«Դատարանը նվազեցրել է ռազմագիտական փորձաքննության եզրակացության արժեքը` հայտարարելով, թե այդ իրադրությունում հնարավոր չէր խրամատ փորել, դիտորդներ նշանակել և այլն, քանի որ անձնակազմը հոգնած էր և չէր կարող դա անել , տեխնիկայի հնարավորություն չկար։ Մինչդեռ գործի փաստական տվյալներն այլ բանի մասին են խոսում»,–ասել է նա։
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2025 թվականի հունվարի 15-ին կայացած նիստի ժամանակ դատապարտել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին 5.5 տարվա ազատազրկման։ Փետրվարի 6-ին կայացած նիստում հանրային մեղադրողը պահանջել է նրան դատապարտել 6 տարվա, իսկ տուժող կողմը՝ 8 տարվա ազատազրկման։
Ջալալ Հարությունյանին մեղավոր են ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «զինվորական պաշտոնեական անփութություն, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։