Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով 2026–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, ասել է, որ ՔՊ-ն հանդես է գալու մի շարք գաղափարներով, սակայն գլխավոր սկզբունքը լինելու է «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը։
Նա նշել է. «Այնուամենայնիվ ինչպես 2021 թվականին, այնպես է 2025 թվականի ընտրություններում ՔՊ-ին չի հաջողվել մեծամասնություն վերցնել Գյումրում և այն մենք ընդունում ենք ի գիտություն»։
Նրա խոսքով՝ 2026 թվականի ԱԺ ընտրություններին Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պատրաստվում է անել առավելագույնը՝ քաղաքացիների մեծամասնության վստահությունն ստանալու համար, հայտնում է Panorama.am-ը։
«Վերջին տարին, իհարկե, որոշ բացառություններով, ամենախաղաղ տարիներից մեկն է եղել առնվազը գետնի վրա»,- ասել է փոխխոսնակը։
Նա ընդգծել է, որ որոշ դրական տեղաշարժեր արձանագրվել են նաև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցային գործընթացում։
Երբ լրագրողը մատնանշել է հանրային հիասթափությունը՝ նշելով, որ վարչապետ Փաշինյանը չի իրականացրել իր խոստումները և Արցախը հանձնվել է, Ռուբինյանը արձագանքել է. «Նույնը 2021 թվականի ընտրություններից առաջ էին ասում և 2026 թվականի ընտրությունները ցույց կտան, թե ժողովուրդն ինչ է ուզում»։
Լրագրողն ասել է, որ սահմանամերձ Խնածախ գյուղի բնակիչները կոչ են անում ՔՊ-ականներին գիշերն անցկացնել իրենց մոտ՝ կրակոցների տակ։
Ռուբինյանը պատասխանել է. «Մեր պատգամավորները որևէ խնդիր չունեն որև՝ տեղ գանալու, մարդկանց հետ շփվելու և Սյունիքի մեր պատգամավորները պարբերաբար դա անում են»։
Արձագանքելով հարցին՝ արդյոք 2026 թվականի ընտրական ծրագրում ընդգրկված կլինի Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի դրույթը, Ռուբինյանը պատասխանել է բացասական։
Այդպիսի դրույթ եղել է ՔՊ 2021թ․ նախընտրական ծրագրում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ապրիլի 15-ի նիստում խոսել է ՀՀ Սահմանադրությունում Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջների բացակայության մասին, հայտնում է 1lurer.am-ը։
«Մենք ինքներս էլ անկեղծ պետք է հասկանանք խնդրի էությունը, քաղաքական և իրավական բովանդակությունը։ Եվ հետևաբար, պիտի արձանագրենք, որ ՀՀ Սահմանադրության տեքստի պաշտոնական մեկնաբանություն տալ կարող է միայն ՀՀ Սահմանադրական դատարանը, այսինքն՝ Սահմանադրական դատարանն է այն մարմինը, որ կարող է պաշտոնապես ասել՝ ինչ է պարունակում և ինչ չի պարունակում ՀՀ Սահմանադրությունը։
Մեր Սահմանադրական դատարանը 2024–ի սեպտեմբերին քննության է առել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը և արձանագրել, որ կանոնակարգը, որտեղ Ալմաթիի հռչակագիրն արձանագրված է որպես երկու երկրների միջև սահմանազատման բազային սկզբունք, համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
Սա նշանակում է, որ մեր Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Ալմաթիի հռչակագրի այն սկզբունքը, համաձայն որի՝ անկախ Հայաստանի տարածքը նույնական է Խորհրդային Հայաստանի տարածքի հետ, իսկ անկախ Ադրբեջանի տարածքը նույնական է Խորհրդային Ադրբեջանի տարածքի հետ, և ինչի հիման վրա կողմերը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում համաձայնել են կարգավորել հարաբերությունները, լիարժեք համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։ Եվ հետևաբար, Հայաստանի Սահմանադրությունը մեկնաբանելու իրավասություն ունեցող մարմինն անբեկանելի որոշմամբ սահմանել է, որ ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանին կամ որևէ այլ երկրի ուղղված տարածքային պահանջներ չկան։ Սա, կրկնում եմ, բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող և բեկանման ոչ ենթակա որոշում է»,–ասել է նա։
Փաշինյանը նաև ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները կարող են Ադրբեջանի Սահմանադրության մեջ տեսնել տարածքային հավակնությունների տարրեր Հայաստանի նկատմամբ, սակայն այդ հարցը չեն վեր հանել՝ նկատի ունենալով, որ երկկողմ համաձայնագրի նախագծում առկա են ձևակերպումներ, որոնք հստակ արձանագրում են՝ կողմերը միմյանցից տարածքային պահանջներ չունեն և պարտավորվում են նման պահանջներ ապագայում ևս չներկայացնել՝ հիմնվելով Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի սահմանների վրա, ինչպես ամրագրված է Ալմաթիի հռչակագրում։
«Բայց, մյուս կողմից, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, մենք ինքներս Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության մեջ տեսնում ենք տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Բայց մենք այդ հարցը չենք բարձրացնում, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի նախագծում կան անհրաժեշտ ձևակերպումներ, որոնք լուծում են խնդիրը՝ արձանագրելով, որ կողմերը միմյանցից տարածքային պահանջներ չունեն և պարտավորվում են ապագայում ևս նման պահանջներ առաջ չքաշել, այն ըմբռնմամբ, որ երկու երկրները միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են Խորհրդային Հանրապետությունների տարածքով, ինչպես նշված է Ալմաթիի հռչակագրում։
Վարչապետն ասել է, որ եթե Ադրբեջանը հարցն առաջ է քաշել ոչ թե որպես պատրվակ, այլ իրական մտահոգություն, ապա ամենաարդյունավետ լուծումը կլինի խաղաղության համաձայնագրի ստորագրումը, ոչ թե դրա մերժումը։
«Ահա, ուրեմն, եթե ընդունենք, որ մեր Սահմանադրության հետ կապված Ադրբեջանի դիրքորոշումը ոչ թե պատրվակ է, այլ անկեղծ մտահոգություն, այդ մտահոգությունը փարատելու ամենաարդյունավետ միջոցը ոչ թե համաձայնագիրը չստորագրելն է, այլ ստորագրելը։ Ինչո՞ւ։ Որովհետև մեր օրենսդրությամբ Կառավարությունը պարտավոր է Խաղաղության համաձայնագրի տեքստն ուղարկել ՀՀ Սահմանադրական դատարան՝ դրա համապատասխանությունը մեր Սահմանադրությանը ստուգելու համար»,–ասել է Փաշինյանը։
Նա նաև նշել է, որ եթե ՍԴ-ն հայտարարի, թե համաձայնագիրը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, ապա այն ժամանակ Հայաստանը կանգնած կլինի հստակ ընտրության առջև՝ խաղաղության կամ հակամարտության միջև։
Չնայած, փորձագետները 2025 թ․ ՍԴ որոշումից հետո նման հավանականությունը մեծ չեն համարում, բայց եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի տեքստը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը կունենա կոնկրետ իրավիճակ և անհրաժեշտություն՝ կատարելու ընտրություն խաղաղության և հակամարտության միջև։
Փաշինյանը հավելել է, որ ՍԴ կողմից տեքստի սահմանադրական ճանաչման պարագայում Ազգային ժողովում այն վավերացնելու խոչընդոտներ չեն լինի։ Այդ դեպքում ուժի մեջ կմտնի Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետը։
«Բայց եթե Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի տեքստը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, այդ պարագայում Համաձայնագիրն Ազգային ժողովում վավերացնելու ոչ մի խոչընդոտ չի լինի և խորհրդարանում վավերացնելուց հետո կգործի ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետը, որում ասվում է՝ «Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը»,–ասել է վարչապետը։
Վարչապետը եզրակացրել է, որ նման պայմաններում Ադրբեջանը, իր ներկայիս դիրքորոշմամբ, խոչընդոտում է հենց այն հարցերի լուծումը, որոնք ինքը է առաջ քաշել՝ փորձագետներին տալով հիմք պնդելու, թե Բաքուն ձգձգում է պայմանագրի ստորագրումը:
«Սխալ չընկալվելու համար դարձյալ ընդգծեմ․ ցանկացած մեկնաբանության դեպքում Ադրբեջանի բարձրացրած հարցերի հասցեագրման ճանապարհը ոչ թե Խաղաղության համաձայնագրի չստորագրումն է, այլ ստորագրումը։ Ու քանի որ նմանատիպ հարցադրումներ մենք նույնպես ունենք, նույնը վերաբերելի է նաև Հայաստանի Հանրապետությանը»,- ասել է նա։