Ազգային ժողովի հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասել է, որ իշխանությունն անում էամեն ինչ, բացի իր խոստացածից՝ չի հրապարակում բանացկային փաթեթները:
«Ինքնախոստովանական ցուցմունքը մեղմացնում է պատիժը, ավելի լավ է իմ նշած փաստաթղթերը հրապարակեք, չնայած ձեր պատիժը նենց մեծ է, որ մեղմացնես-չմեղմացնես...»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։
Նա ընդգծել է, որ իշխանությունները ցուցադրում են իրենց առօրյա գործունեության բոլոր մանրամասները՝ սկսած ուտելիք պատրաստելուց մինչև սափրվելը, սակայն կարևոր փաստաթղթերը մնում են հանրությունից թաքուն։
«Հիմնավոր կասկած կա, որ վախենում եք, երբ որ հրապարակվեն բանակցային փաթեթները, էլ էդ բոյի սուտ չեք կարողանա հորինել, որպեսզի ձեզ արդարացնեք, բայց դուք ցանկացած սուտ կարող եք հորինել»,- ասել է Մամիջանյանը։
Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:
Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։