Ապրիլի 14-ին շարունակվել է շինծու գործերով Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլ անձանց դատավարությունը։
Ըստ գործի շրջանակներում նախկինում հարցաքննված Արթուր Աբրահամյանի ցուցմունքների, որոնք հնչեցվել են դատական նիստում, Ղարաբաղում տեղի ունեցած ցույցերը ղեկավարել են Արկադի Մանուչարովը, Զորի Բալայանը, Գենրիխ Պողոսյանը, Մաքսիմ Բաբայանը, շինարարական վարչության պետ Ռոլես Աղաջանյանը, Վլադիկ Սարգսյանը և մի շարք անհայտ անձինք, գրում է Minval.az-ը։
Նիստում շոշափվել են ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, ինչպես նաև Վազգեն Մանուկյանի անունները։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, վկա Յուրի Ջանգիրյանը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանը, ով աշխատում էր որպես կուսակցական կազմակերպիչ Ղարաբաղի մետաքսի գործարանում, եղել է հայկական «Կռունկ» կազմակերպության ակտիվ անդամ։
Արկադի Ղուկասյանը, արձագանքելով ներկայացված ցուցմունքներին, խնդրել է ժամանակ՝ մինչև հաջորդ նիստ, որպեսզի պատշաճ պատրաստվի։ Դատարանի նախագահողը հաշվի է առել խնդրանքը և հայտնել, որ հաջորդ նիստում կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ։
Այնուհետև Արայիկ Հարությունյանը, պատասխանելով հարցերին, ասել է, որ 1990-ականներին Ռոբերտ Քոչարյանը, Մուրադ Պետրոսյանը, Մանուչուրյանը և այլք ղեկավարում էին ցույցերը։ Նա հիշել է, թե ինչպես էին 1988–1990 թվականներին ադրբեջանցիները հեռանում Ստեփանակերտից։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 17-ին։