Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնին՝ նշելով, որ անհրաժեշտ է խորացնել համագործակցությունը երկու կառավարությունների միջև՝ տարբեր՝ քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում հարաբերությունների ընդլայնման նպատակով։
Ֆայոնը վերահաստատել է, որ Սլովենիան լիովին աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին՝ կարևորելով երկխոսության և դիվանագիտական համագործակցության դերը։ Նա նաև ընդգծել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի նշանակությունը՝ ընդգծելով դրա կարևորությունը տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման համատեքստում։
Նիկոլ Փաշինյանն ու Տանյա Ֆայոնն անդրադարձել են մի շարք տարածաշրջանային թեմաների։ Քննարկվել է հատկապես «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ ձեռք բերված առաջընթացը։ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունն ունի խաղաղության օրակարգի հանդեպ անշեղ հանձնառություն։
Ֆայոնն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը՝ հավելելով, որ իր այցելության նպատակը երկկողմ փոխգործակցության խթանման հնարավորությունների ու հաջորդ քայլերի քննարկումն է։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների առաջընթացը, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական ու ինստիտուցիոնալ բարեփոխումներին ցուցաբերվող աջակցությունը, ինչպես նաև սերտ գործընկերության խորացման հնարավորությունները։