ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցի շրջանակում Բրյուսելում հանդիպել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու պաշտոնյաներից մեկի՝ Կայա Կալասի գրասենյակի ղեկավար Վիվիան Լունելայի հետ։
ԱԽ գրասենյակի հաղորդագրության համաձայն, հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Եվրոպական Միության միջև հարաբերությունների ընթացքը, ինչպես նաև ապագա համագործակցության հնարավոր ուղիները։ Նրանք անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում անվտանգության ներկայիս իրավիճակին՝ ներկայացնելով կողմերի տեսակետները։
Արմեն Գրիգորյանը հանդիպման ընթացքում տեղեկացրել է, թե Հայաստանի կառավարությունն ինչ միջոցառումներ է ձեռնարկել Հարավային Կովկասում երկարաժամկետ և կայուն խաղաղություն ապահովելու ուղղությամբ։
Գրիգորյանն ապրիլի 15-ին, Բրյուսելում հանդիպում է անցկացրել պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատար Անդրյուս Կուբիլիուսի հետ` կողմերը քննարկել են պաշտպանության և ռազմարդյունաբերության ոլորտներում համագործակցության հնարավոր ուղղությունները։
Արմեն Գրիգորյանը ներկայացրել է այն քայլերը, որոնք ձեռնարկվել են Հայաստանի կառավարության կողմից՝ պաշտպանության և ռազմական արդյունաբերության ոլորտները զարգացնելու նպատակով, ինչպես նաև անդրադարձել է այդ ուղղություններով ձևավորված առաջնահերթություններին։