16 ապրիլի 2025 - 10:44 AMT
ԱՄՆ-ն չեղարկել է Հայաստանի օժանդակության «անօգուտ» ծրագրերի ֆինանսավորումը

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը որոշում է կայացրել չեղարկել ընդհանուր 215 միլիոն դոլար արժողությամբ արտասահմանյան օժանդակության ծրագրերը մի շարք պետություններում, այդ թվում նաև Հայաստանը։ Այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ պետական արդյունավետության դեպարտամենտը (DOGE)։

«ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շարունակում է վերանայել Պետդեպարտամենտի արտաքին օգնությունը, այսօր չեղարկվել է 215 միլիոն դոլարի 139 անօգուտ դրամաշնորհ»,– ասված է DOGE–ի X–ի էջում, հայտնում է Sputnik Արմենիան։

Ֆինանսավորման դադարեցումը վերաբերել է նաև Բելառուսին, Բուլղարիային, Բրազիլիային, Մեծ Բրիտանիային, Ղրղզստանին, Լիբիային, Մավրիտանիային, Մոլդովային, Թունիսին, Ուզբեկստանին և Շրի Լանկային։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) հայտարարել է, որ փետրվարի 8–ից, կազմակերպության բոլոր վարձու աշխատակիցներն ամբողջ աշխարհում հարկադիր պարապուրդի կուղարկվեն, բացառությամբ առաքելության համար կարևոր գործառույթներ, հիմնական ղեկավարություն և հատուկ նշանակված ծրագրեր իրականացնող անձնակազմի: Արտասահմանում տեղակայված աշխատակիցներին հրահանգվել է 30 օրվա ընթացքում վերադառնալ ԱՄՆ։