16 ապրիլի 2025 - 10:57 AMT
Սուրենյան․ Օրերը կտաքանան, ցրտահարություններ չեղան

Ապրիլի 17–ից օրերը կտաքանան։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Լեռներում զգալի ձյուն կուտակվեց, ցրտահարություններ չեղան։ Վաղվանից էլ օրերը կտաքանան։ Արտակարգ լավ վերջաբան»,– գրել է նա։

Ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ ապրիլի 16-ին հանրապետության ամբողջ տարածքում տեղումներ են սպասվում։

Շիրակի, Լոռու, Տավուշի նախալեռնային գոտիներում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային հատվածներում, ինչպես նաև Գեղարքունիքում ու Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում դիտվել են առատ ձյան տեղումներ։ Տարբեր լեռնային վայրերում ձյան շերտը հասել է մինչև 30-40 սմ և ավելի։ Հանրապետության հովտային ու նախալեռնային շրջաններում, որտեղ պտղատուները ծաղկման փուլում են, ցրտահարություններ չեն արձանագրվել։

Ապրիլի 17-19-ն ընկած ժամանակահատվածում տեղումները ժամանակավորապես կդադարեն, և օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։

Քամու ուղղությունը եղել է հարավարևմտյան՝ 2-5մ/վ արագությամբ, իսկ ապրիլի 16-ին որոշ վայրերում քամու պոռթկումներն ուժգնացել են՝ հասնելով 14-17մ/վ։

Երևանում ապրիլի 16-ին՝ պարբերաբար, իսկ ապրիլի 20-ին՝ երեկոյան ժամերին, կանխատեսվել է անձրև։ Ապրիլի 17-19-ին, ինչպես նաև 20-ի գիշերը, մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ։

ՀՀ ճանապարհային դեպարտամենտը ներկայացրել է եղանակային իրավիճակի իր ամփոփագիրը։

«Ապրիլի 16-ին՝ ժամը 9։05-ի դրությամբ թույլ ձյուն է տեղում Սարավանի լեռնանցքում, Սիսիանի, Աշոցքի, Ամասիայի, Դիլիջանի, Գավառի, Մարտունու, Արագածի, Տավուշի տարածաշրջաններում, իսկ Ստեփանավանի, Տաշիրի և Սևանի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Վարդենյաց լեռնանցքում բուք է»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Չնայած եղանակային պայմաններին, երկրի միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են։ Ճանապարհաշինության ծառայությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրումն ու աղ-ավազային մշակումը՝ ապահովելով երթևեկության անվտանգությունը։